Ֆրանսիայի իրավապահները 150 մարդու են բերման ենթարկել գիշերը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, որոնք սկսվել են Փարիզի արվարձաններում դեռահասի մահից հետո։
«150 ձերբակալություն: Իմ աջակցությունը ոստիկաններին, ժանդարմներին և հրշեջներին, ովքեր խիզախորեն հաղթահարեցին այս իրավիճակը», - Թվիթերում գրել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը:
Նա նշել է «Ֆրանսիայի Հանրապետության խորհրդանիշների նկատմամբ բռնության անտանելի մակարդակն» ու ասել, որ հրկիզվել և վնասվել են պետական հաստատություններ, մասնավորապես՝ դպրոցներ ու քաղաքապետարաններ։
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ անկարգությունների պատճառ է դարձել այս շաբաթվա սկզբին 17-ամյա պատանու մահը, ով առաքիչ էր աշխատում։ Նա մահացել է Նանտերի ոստիկանների կրակոցից հետո. իրավապահները կրակ են բացել, երբ նա հրաժարվել է կանգնեցնել մեքենան։