Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը պետք է կալանավորվի․ դատարանը բավարարել է քննչականի միջնորդությունը։ Այս մասին տեղեկացրել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ ապօրինի կերպով հրազեն կրելու, խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելու և զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով խուլիգանություն կատարելու համար։
Աբրահամյանը, վկայակոչելով նախաքննությունը, գործից որոշ մանրամասներ է հաղորդել։ Ըստ այդմ՝ Տիգրան Խաչատրյանը հունիսի 19-ին ժամը 20․30-ի սահմաններում իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է ավտոտեխսպասարկման կետ, որտեղ հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու ընթացքում վիճաբանություն է հրահրել աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով առողջության թեթև մարմնական վնասվածքը և հեռացել դեպքի վայրից:
Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ կրտսեր Խաչատրյանը լքել է Գորիսը և նրա գտնվելու վայրն անհայտ է։
«Ազատությանը» չի հաջողվել կապ հաստատել ոչ կրակոցներից տուժած տղամարդու, ոչ էլ Խաչատրյանների ընտանիքից որևէ մեկի հետ։ Հայտնի չէ, թե ով է Տիգրան Խաչատրյանի փաստաբանը։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շուրջ 11 տարի է ղեկավարել այդ մարզը։ 2018-ի հեղափոխությունից հետո նրան մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու համար։ Նրա երկու որդիներն էլ տարբեր աղմկահարույց քրեական գործերով են անցել։ Սուրիկ Խաչատրյանըտարիներ շարունակ հետախուզվում է։