Մատչելիության հղումներ

ՔԿ-ն հաստատում է՝ նախկին մարզպետի որդին է Գորիսում կրակել տղամարդու վրա. նրան գտնել չի հաջողվում


Միջադեպից 3 օր անց Քննչական կոմիտեն հաստատեց՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանն է Գորիսում կրակել ու վիրավորել 46-ամյա տղամարդուն։ Թեև հետախուզման մեջ գտնվող նախկին մարզպետի որդուն կալանավորելու որոշում կա, բայց ոստիկանները դեռ չեն գտնում նրան, ըստ Քննչական կոմիտեի՝ կրտսեր Խաչատրյանը լքել է Գորիսը։

«Նրա գտնվելու վայրը այս պահին վարույթ իրականացնող մարմնի համար անհայտ է։ Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ», - ասաց կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Քրեական տարբեր գործերով անցած Տիգրան Խաչատրյանն, ըստ իրավապահների, անվադողեր գնելու նպատակով պայմանավորվել է 46-ամյա մի գորիսեցու հետ, վերջինիս եղբորորդին զանգահարել է Տիգրանին, բայց դիմելաձևի պատճառով երիտասարդները վիճաբանել են։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակն է մանրամասնում. - «Ավելի ուշ ըստ ստացված տվյալների՝ Տիգրան Խաչատրյանն իր ավտոմեքենայով երկու մտերիմների հետ գնացել է ավտոտեխսպասարկման տվյալ կետը՝ խուլիգանական արարքներ, ըստ էության թույլ տալով, պարզաբանումներ կատարելու ընթացքում հայհոյանքներ է հնչեցրել, հանել է ապօրինի իր մոտ կրող հրազենը և կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք»։

Վիրավորված 46-ամյա տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում, թևն է վնասվել։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է՝ նախկին մարզպետի այս նույն որդին, դեռ 2013-ին էր անցնում Ավետիք Բուդաղյանի սպանության գործով, հետո դատարանն արդարացրել էր նրան՝ գործողությունները որակելով որպես ինքնապաշտպանություն։ Երիտասարդը նաև 2022-ի մայիսին կառավարության 3-րդ շենքի դիմաց զանգվածային անկարգություններին է մասնակցել, ըստ իրավապահների՝ ոստիկանի նկատմամբ բռնություն էր գործադրել, մեկ ամսով կալանավորվել ու ստորագրությամբ ազատ էր արձակվել։

Այս ամենն, ըստ իրավապաշտպանի, անպատժելիության մասին է խոսում. - «Լիսկայի բարքերը դեռ ուժի մեջ են, շարունակվում են, որևէ մեկը չի պատրաստվում դրանց պատժել, հեղափոխությունը ևս ոչ մի նշանակություն չի ունեցել։ Նրանց զենք ու զրահը, ինչպես այն ժամանակ Բուղադյանների պատմությունն եք հիշում՝ սպանությունը, և ամեն ինչ անում էին իրավապահ մարմինները, որ նրանց մազ անգամ չպակասի։ Այդ նույն տղան էր չէ՞ կրակել, հայրը, այս իրավիճակն է շարունակվում, ոչինչ չի փոխվել։ Էլի կրակում է ինքը փաստորեն չէ՞, որևէ առիթի դեպքում կրակում է»։

Սյունիքի նախկին մարզպետի երկու որդիները տարբեր աղմկահարույց քրեական գործերով են անցել։ Երկուսն էլ մեղադրվում էին փաստաթուղթ կեղծելու և խաբեությամբ զինծառայությունից խուսափելու համար: Հեղափոխությունից հետո այս գործերն ինչպես վերաբացվեցին, այնպես էլ փակվեցին։ Ժաննա Ալեքսանյանն այս ամենը հիշեցնելուց հետո կասկածներ է հայտնում՝ արդյո՞ք Տիգրան Խաչատրյանը լքել է Գորիսը։

«Իսկ սահմանները Հայաստանի լքե՞լ է, Գորիս քաղաքի սահմաններում ե՞ն փնտրել ընդամենը, չեն ուզում, չեն գտնում», - ասաց նա։

Գորիսի քաղաքապետ, ընդդիմադիր նախկին պատգամավոր Առուշ Առուշանյանը տեղյակ էլ չէր, որ իր ղեկավարած քաղաքում կրակոցներ են հնչել, ասաց՝ չի ճանաչում Սուրիկ Խաչատրյանի որդուն։ Թեև ավելի վաղ Սյունիքի նախկին մարզպետի դեմ հարուցված մի գործով նաև Առուշանյանի անունն էր շրջանառվում, թե Սուրիկ Խաչատրյանից պարտքով փող է վերցրել։ Առուշանյանը հերքել էր սա։

«Ես նման տեղեկություն չունեմ», - ասաց նա։

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շուրջ 11 տարի է ղեկավարել այդ մարզը։ 2018-ի հեղափոխությունից հետո նրան մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու համար։ Նա տարիներ շարունակ հետախուզվում է։ «Ազատությանը» չի հաջողվել կապ հաստատել ոչ կրակոցներից տուժած տղամարդու, ոչ էլ Խաչատրյանների ընտանիքից որևէ մեկի հետ։ Հայտնի չէ, թե ով է Տիգրան Խաչատրյանի փաստաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG