Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձանցից շուրջ 19.1 մլրդ դրամ արժեքով գույքերն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումը:
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ այս տարվա հուլիսի 27-ին ներկայացված հայցադիմումով դատարանին պահանջ է ներկայացվել հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝
« - 5 անշարժ գույքեր՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1 միլիարդ 530 միլիոն135 հազար 900 ՀՀ դրամ,
- մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում,
- 614 միլիոն 544 հազար 139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
- 2 միլիարդ 410 միլիոն 463 հազար 523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը,
- ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4 միլիարդ 450 միլիոն 350 հազար 364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,
- օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10 միլիարդ 98 միլիոն 300 հազար ՀՀ դրամ ներդրման գումարը»:
Վերոնշյալը դատարանի կողմից վարույթ ընդունված 13-րդ նման հայցադիմումն է, նշված է հաղորդագրությունում: