Մատչելիության հղումներ

Պեկինում հուսով են, որ Բլինքենի այցը կնպաստի հարաբերությունների բարելավմանը


ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, Պեկին, 19 հունիսի, 2023թ.
ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, Պեկին, 19 հունիսի, 2023թ.

«Կողմերն առաջխաղացում են ապահովել, դա լավ է»

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Պեկինում՝ Ժողովրդական ժողովների տանն [Չինաստանի գերագույն պետական-կուսակցական ատյանների նստավայրը] ընդունել է Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենին:

Նախագահ Սին հույս է հայտնել, որ ամերիկյան դիվանագիտական կորպուսի ղեկավարի այցը կնպաստի Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունների բարելավմանը:

«Երկու կողմերն առաջխաղացում են ապահովել և որոշակի հարցերի շուրջ համաձայնության են հասել, դա շատ լավ է»,- ասել է նախագահը:

ԱՄՆ-ը և Չինաստանը պարտավոր են կարգավորել հարաբերությունները

Պետքարտուղարն, իր հերթին, ասել է, որ անցած երկու օրում կարևոր քննարկումներ է անցկացրել չինացի պաշտոնակիցների հետ:

«Պարոն նախագահ, շնորհակալ եմ, որ այսօր ընդունեցիք մեզ: Նախագահ [Ջո] Բայդենն ինձ գործուղել է այստեղ, համոզված լինելով, որ Միացյալ Նահանգները և Չինաստանն ունեն հարաբերությունները կառավարելու պարտավորություն և պատասխանատվություն, ինչը բխում է ԱՄՆ-ի, Չինաստանի և ամբողջ աշխարհի շահերից», - ասել է Բլինքենը:

Էնթոնի Բլինքենը դարձել է ԱՄՆ պետքարտուղարներից առաջինն, ով 2018 թվականից հետո Չինաստանի նախագահին հանդիպելու պատվին է արժանացել: Նա երկօրյա այցով է մեկնել Չինաստան, և այսօր ավելի ուշ արդեն վերադառնում է Նահանգներ:

Նախագահ Սիի հետ հանդիպումից հետո Բլինքենը խոսել է բանակցությունների մասին, նշելով, որ Վաշինգտոնը կողջունի, եթե Պեկինն ավելի կառուցողական դեր կատարի ՄԱԿ-ի սկզբունքների հիման վրա աշխարհում արդար խաղաղության հասնելու գործում:

ԱՄՆ մտահոգությունը՝ սադրիչ գործողություններ, զենք ռուսներին

«Ես ներկայացրել եմ ԱՄՆ-ի մտահոգությունները, որոնք կիսում եմ մի շարք երկրներ, Թայվանի նեղուցում, ինչպես նաև Հարավչինական ծովում Չինաստանի սադրիչ գործողությունների վերաբերյալ: Թայվանի հարցում ես վերահաստատել եմ, որ Միացյալ Նահանգները հետևում է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը: Այն չի փոխվել»,- ասել է Բլինքենը:

Պետական քարտուղարն անդրադարձել է նաև Ուկրաինայի թեմային. «Այդուհանդերձ, մեր մտահոգությունների թվում է նաև այն, որ չինական ձեռնարկությունները, ընկերությունները գուցե Ռուսաստանին տրամադրում են տեխնոլոգիաներ, որոնք ռուսները կարող են կիրառել Ուկրաինայի դեմ ագրեսիայում առաջ գնալու համար: Եվ մենք խնդրում ենք Չինաստանի կառավարությանը շատ զգոն լինել այդ հարցում»:

«Անկեղծ և օգտակար քննարկումներ Պեկինում»

Այսօր ավելի վաղ նրան ընդունել է Չինաստանի գերագույն դիվանագետ Վան Ին: Կիրակի օրն էլ Բլինքենը հանդիպել է արտաքին գործերի նախարար Ցին Գանի հետ:

Չինաստանում աստիճանակարգով բարձրաստիճան դիվանագետը Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների գրասենյակի ղեկավարն է, և արտաքին գործերի նախարարը նրան է ենթարկվում:

Երկու գերտերությունների հարաբերություններն ակնհայտ սրվել են անցած տարիներին: Տնտեսական մրցակցությունից և աշխարհի տարբեր անկյուններում ու հատկապես Հնդկախաղաղօվկյանոսյան տարածաշրջանում ազդեցությունը հաստատելու պայքարից զատ թեժ խնդիր է դարձել Թայվանը:

«Մեկ Չինաստան», բայց և աջակցություն Թայվանին

Վաշինգտոնը տասնամյակներ շարունակ հավաստիացնում է, որ չի վիճարկում Թայվանի պատկանելությունը Պեկինին և մտադիր չէ վերանայել «Մեկ Չինաստան» մոտեցումը:

Բայց դրա հետ հանդերձ Ամերիկան բարձրաստիճան պատվիրակություններ է ուղարկում Թայվան և ռազմական ու քաղաքական օգնություն է տրամադրում այդ ի պաշտոնե Չինաստանի մաս համարվող, սակայն գործնականում անկախ կղզուն:

ԱՄՆ-ն նաև մշտապես պնդում է, որ կմիջամտի, եթե Չինաստանը փորձի զենքով լուծել Թայվանի հարցը:

Դա, ըստ վերլուծաբանների, կարող է հանգեցնել հիրավի աղետալի հետևանքների: Առնվազն տեսականորեն Երրորդ աշխարհամարտը՝ միջուկային սպառազենի կիրառմամբ, կարող է սկսվել ոչ թե ԱՄՆ-Ռուսաստան, այլ ԱՄՆ-Չինաստան առճակատումից:

Լրտեսակա՞ն, թե՞ օդերևութաբանական օդապարիկ

Անցյալ տարվա նոյեմբերի 14-ին Ինդոնեզիայում՝ Բալիում, «Մեծ քսանի» հավաքում տեղի է ունեցել նախագահներ Ջո Բայդենի և Սի Ծինպինի հանդիպումը, որը պետք է կապերը բարելավելու հիմք ապահովեր: Բլինքենը պետք է դեռ փետրվարին մեկներ Պեկին, սակայն այցը չեղարկվեց ԱՄՆ-ի օդային տարածքում մեծ բարձրության վրա չինական օդապարիկը հայտնաբերելուց և ոչնչացնելուց հետո:

Ամերիկյան կողմը հայտարարել է, որ դա լրտեսական օդապարիկ է, չինականը պնդել է, թե այն օդերևութաբանական էր և, իբր, քամիների հոսքերով է պատահմամբ հասել ԱՄՆ տարածք:

Այս տարի չի բացառվում Ջո Բայդեն-Սի Ծինպին հանդիպումը

Նախօրեին պետքարտուղար Բլինքենի և արտգործնախարար Ցին Գանի բանակցություններն ավելի քան 7 ժամ են տևել:

Երկու դիվանագետներն էլ «օգտակար և անկեղծ» են անվանել քննարկումները, որոնց ընթացքում կարևորվել է «բաց և ընդարձակ շփումների հաստատումը, որը թույլ կտա խուսափել սխալ ընկալումներից և սխալ հաշվարկներից»:

Երկու կողմերն էլ հուսով են, որ Բլինքենի բանակցությունները ճանապարհ կհարթեն այս տարի ավելի ուշ նախագահներ Սի Ծինպինի և Ջո Բայդենի հանդիպումը կազմակերպելու համար:

XS
SM
MD
LG