Մատչելիության հղումներ

Վլադիմիր Զելենսկին և Սի Ծինպինը հեռախոսով քննարկել են պատերազմը դադարեցնելու հնարավորությունները


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Չինաստանի նախագահ Սի Ծինպին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Չինաստանի նախագահ Սի Ծինպին

Այսօր տեղի է ունեցել Չինաստանի և Ուկրաինայի նախագահներ Սի Ծինպինի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը: Տեղեկությունը հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Չինաստանի ղեկավարը հավաստիացրել է, որ Պեկինն ամեն ինչ կանի Ուկրաինայում պատերազմի դադարեցման համար:

Զելենսկին, իր հերթին, Twitter-ում գրել է, որ երկար և բովանդակալից զրույց է անցկացրել Սիի հետ: Նախագահները քննարկել են նաև մի շարք երկկողմ հարցեր:

«Երկար և բովանդակալից զրույց եմ անցկացրել Չինաստանի ղեկավար Սի Ծինպինի հետ: Հուսով եմ, որ այս զրույցը և Ուկրաինայում Չինաստանի դեսպանի նշանակումը մեր երկկողմ հարաբերությունները զարգացնելու հզոր խթան կդառնան», - գրել է Զելենսկին:

Վերջին անգամ երկու ղեկավարները զրուցել էին ռուս - ուկրաինական պատերազմի մեկնարկից առաջ՝ 2022 թվականի հունվարին, դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Չինաստանը միանշանակ չի դատապարտել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և նկատել է տվել, թե Արևմուտքը բորբոքում է այդ հակամարտությունը:

Միաժամանակ, Պեկինը չի ճանաչել Մոսկվայի կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը և ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ ընդգծել է, որ անհրաժեշտ է հարգել երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

XS
SM
MD
LG