Մատչելիության հղումներ

Պեկինը Վաշինգտոնից պահանջել է ուղղել ԱՄՆ-ի սխալները


Պեկինը Վաշինգտոնից պահանջել է ուղղել ԱՄՆ-ի սխալները չինական օդապարիկի խոցման հետ կապված և փոխհատուցել ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով երկու երկրների հարաբերություններին հասցված վնասը։

Այս մասին Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատու Վան Ին ասել է ԱՄՆ պետքարտուղարի Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում:

Լրատվամիջոցները նշում են, որ հանդիպումը ոչ պաշտոնական է եղել և կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Չինաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Վան Ին համաժողովում ելույթից հետո պատասխանել է Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ հարցերին։ Նա օդապարիկի միջադեպն անվանել է «քաղաքական ֆարս, որը խաղացել է Միացյալ Նահանգները»:

NBC-ին տված հարցազրույցում Բլինքենն, իր հերթին, ասել է, որ Վանը ներողություն չի խնդրել օդապարիկի թռիչքի համար, հաղորդում է Reuters-ը։

«Ես նրան միանգամայն պարզ ասացի, որ դա անընդունելի է և երբեք չի կարող կրկնվել»,- ասել է Բլինքենը՝ նկատի ունենալով օդապարիկի կողմից ԱՄՆ օդային տարածքի խախտումը։

«Ոչ մի ներողություն չի եղել», - նկատել է նա՝ հավելելով, որ Վանի հետ չի քննարկել Չինաստան իր այցի հետաձգման հարցը։

Փետրվարի սկզբին Միացյալ Նահանգների ռազմական օդուժը հայտարարեց, թե Չինաստանից եկած օդապարիկ է խոցել։ Պենտագոնն այն ժամանակ պնդեց, թե այն հետախուզական նպատակներով էր ներխուժել Ամերիկայի օդային տարածք, և որ Պեկինը վերջին տարիներին նման փորձեր է իրականացրել նաև այլ երկրներում՝ Լատինական Ամերիկայից մինչև Եվրոպա։

Պեկինն ընդունել էր, որ խոցված օդապարիկը չինական էր, պատճառաբանելով, թե այն քաղաքացիական էր և շեղվել էր ուղուց։ Օդապարիկը խոցելուց հետո, մասնավորապես, Պեկինը հայտարարել էր, թե «ամերիկյան կողմի գործողությունները լրջորեն ազդել և վնասել են Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները կայունացնելու ջանքերը»։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ չեղարկել էր նախօրորք նախատեսված այցը Պեկին։

XS
SM
MD
LG