Հիմնականում պասիվ քարոզարշավ անցկացրած Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ընտրողներին նաև իրենց ծրագրերն են ներկայացնում փողոցների բարեկարգման, լուսավորության, աղբահանության ու վերջին մեկ տարում սրված թափառող շների խնդրի լուծման ուղղությամբ։
Քաղաքական ուժերից երկուսը՝ «Հայրաքաղաք» դաշինքն ու իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» փողոցների բարեկարգման համար ապակենտրոնացման տարբերակ են առաջարկում, որ բոլոր ռեսուրսները միայն կենտրոնական փողոցների վրա չծախսվեն։ Վերջին տարիներին բավականին աշխույժ զբոսաշրջային ուղղվածություն դարձած Գյումրիում երկրորդական շատ փողոցներ տասնամյակներով չեն նորոգվել։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանից ծայրամասային «Ֆանտաններ» թաղամասի բնակիչները հանդիպմանը հետաքրքրվեցին, թե իրենց փողոցները ե՞րբ են ասֆալտապատվելու:
«Նախատեսել ենք քաղաքի համաչափ զարգացում, այսինքն` մենք ոչ թե եղած հին ասֆալտը պետք է քանդենք, նորով անենք ու անունը դնենք, թե ասֆալտ արեցինք, մենք համաչափ զարգացում ենք ապահովելու, այդ թվում` մենք շատ երկրորդական փողոցներ ենք փորձելու բարեկարգել, ոչ միայն փողոցներ, մայթեր և հարակից տարածքներ», - ասաց իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն:
Առաջին հերթին կենտրոնում մի քանի անգամ ասֆալտը քանդելու, նորն անելու պրակտիկան են բացառելու, ասաց «Հայրաքաղաք» դաշինքի քաղաքապետի թեկանածու Լևոն Բարսեղյանը. «Նախատեսել ենք համաչափ զարգացում, սա նշանակում է, որ պիտի վերջ տրվի այն արատավոր պրակտիկային, երբ քաղաքի կենտրոնը անընդհատ մեծ փողեր է կլանում, անընդհատ բարեկարգվում է, վերաբարեկարգվում է, եղածը քանդվում, նորից է սարքվում, որ ավելի շքեղ լինի, իսկ ծայրամասային թաղամասերը մնում են անխնամ»:
Համայնքային և հայհայթվելիք արտաքին միջոցները պիտի բաշխվեն համաչափ քաղաքի ամբողջ մակերեսով, նշեց Լևոն Բարսեղյանը:
Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Կոնստանտին Ղավազյանն ասում է՝ իրենք կարող են շատ խոստումներ տալ, բայց դրանց իրագործման համար միջոցներ են պետք, որը չունեն: Դրա համար առաջարկում են այն, ինչն իրատեսական են համարում։
Կոմկուսը Գյումրիում փողոցների բարեկարգման, աղբահանության ու առհասարակ բոլոր հարցերում այլ մոտեցում ունի. «Կոմունիստական կուսակցությունը քաղաքի ասֆալտապատման և աղբահանման գործում որևէ խնդիր չպիտի իրականացնի, կուսակցությունը ոգևորում է կամ պահանջում է տվյալ գործն իրականացնող մարդկանցից դա լավ կատարել, թե չէ Կոմունիստական կուսակցությունը եթե կոնկրետ գործնականորեն դա անի, ուրեմն շաբաթօրյակ պիտի անի»:
Այս կուսակցության նպատակն է ավագանիում ստեղծել այնպիսի աշխատանքային մթնոլորտ, որ բոլորը «գամված լինեն մի գործի», «Ազատությանն» ասաց թեկնածուն:
Վերջին մեկ տարում Գյումրիում սրվել է թափառող շների խնդիրը, եղել են մարդկանց վրա հարձակման դեպքեր, նույնիսկ երեխաներ են տուժել։ ՔՊ թեկնածու Հարությունյանը կարծիք հայտնեց, որ հաջորդ քաղաքային իշխանությունը թափառող շների հարցը պետք է հիմնովին լուծի. «Այս պահին, որ շատացել են նաև պատվաստման կարիք ունեցողները շների կծածից հետո, հավատացնում եմ, որ այդ ամեն ինչն էլ իր հերթին լրացուցիչ ծախս է պետության վրա»:
«Հայրաքաղաք» դաշինքի թեկնածուն ևս կարծում է, որ ապաստարաններ կառուցելով ու քաղաքի աղբահանությունն ավելի լավ կազմակերպելով՝ թափառող կենդանիների հարցը հնարավոր է լուծել. «Դրանք համայնքապետարանի կարողությունների շրջանակներում են. օգտագործելու ենք ոչ միայն բյուջետային միջոցները, այլև հնարավոր այս հարցերով զբաղվող հիմնադրամների դրամաշնորհային աջակցությունը, որ կարողանանք քաղաքը կատարելապես ազատել և աղբից, և թափառող շներից», - նկատեց Լևոն Բարսեղյանը:
Այսօր սեպտեմբերի 22-ից մեկնարկած ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։ Կիրակի կայանալիք ընտրություններից հետո կձևավորվի մոտ 120 հազար բնակչություն ունեցող Գյումրիի նոր ավագանին, որն էլ իր կազմից քաղաքապետ կընտրի: