Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի որոշման համաձայն՝ կառավարությունը Հռոմի կանոնադրության նախագիծը պետք է ԱԺ ուղարկի


Նախքան Հռոմի կանոնադրության վավերացման շուրջ բարձրացած աղմուկն ու Ռուսաստանից հնչող դժգոհություններն ու նախազգուշացումները, Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 29-ին արդեն որոշել էր «Սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով»:

Կառավարության նշած օրենսդրական նախաձեռնությունը հենց 1998-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին է։

Կառավարության դիմումից մոտ 3 ամիս անց Սահմանադրական դատարանն օրերս հայտարարեց՝ Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ դեկտեմբերի 29-ի որոշման համաձայն կառավարությունը նախագիծը պետք է Ազգային ժողով ուղարկի՝ վավերացման։ Հնարավոր է՞ Կառավարությանը փոխի որոշումը և Ռուսաստանի նախագահին ձերբակալելու հրաման տված Միջազգային քրեական դատարանի կանոնադրության հաստատման նախագիծը չուղարկի Ազգային ժողով, այս հարցի պատասխանն առայժմ գործադիրից չկա։

Մոսկվայից շաբաթվա սկզբին բուռն արձագանքեցին Հռոմի կանոնադրության շուրջ հայաստանյան զարգացումներին։ Ռուսաստանի արտգործնախարարության անանուն աղբյուրն, ըստ ՏԱՍՍ֊ի, նշել էր, որ «Մոսկվայում բացարձակապես անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու պաշտոնական Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ Միջազգային քրեական դատարանի վերջին ողորմելի և իրավաբանորեն անվավեր «օրդերի» համատեքստում»։

Մոսկվան Հայաստանի ներքին գործերին խառնվելու իրավունք չունի. պատգամավոր

Ռուսաստանից հնչած դժգոհություններին այսօր ևս պաշտոնական արձագանք Երևանից չեղավ։ Փոխարենը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասում է՝ Մոսկվան Հայաստանի ներքին գործերին խառնվելու իրավունք չունի։

«Երբ որ Ռուսաստանի ԱԳՆ-ի որոշ աշխատողներ խառնվում են Հայաստանի ներքին գործերի մեջ, դա կոռեկտ չի և անհարգալից վերաբերմունք է ՀՀ հանդեպ։ Նրանք կարող են աշխատանքային կարգով քննարկումներ անեն, կարծիքներ հայտնել, բայց եթե դա կրում է հրապարակային բնույթ, դա կոռեկտ չէ, և նշանակում է խառնվել ինքնիշխան պետության ներքին գործերի մեջ, որի իրավունքն իրենց չունեն», - ասաց նա։

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի վերջին պարզաբանել էր, թե ինչու են որոշել վերադառնալ 25 տարի առաջ ստորագրված, սակայն այդպես էլ չվավերացված փաստաթղթին, քանի որ հնարավորություն են տեսել Ադրբեջանին պատասխանատվության կանչելու, հատկապես 2021-ի մայիսի Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։

Մոսկվայի անանուն աղբյուրի արձագանքից հետո իշխող ուժի պատգամավորն ասում է՝ Մոսկվան ճիշտ կաներ արագ արձագանքեր, երբ Ադրբեջանի զինուժը ներխուժում էր Հայաստանի ինքնիշխան տարածք։

«Ադրբեջանը զավթում է Հայաստանի ինքնիշխան տարածքի ինչ-որ հատված, ռազմական հանցագործություններ է կատարում, գնդակահարում է գերիներին, վայրագություններ է անում, ձայն չեն հանում, գնահատական չեն տալիս, իսկ այս ստատուսը մեզ թույլ կտա քրեական գործեր հարուցել Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության նկատմամբ, և եթե լիներ որպես մեր դաշնակցի՝ Ռուսաստանի գնահատականը, հնարավոր է՝ մենք այս խնդիրն այսօր ընդհանրապես չքննարկեինք։ Այնպես որ, իրենց չարածները այսօր մեր գլխին չբարդեն», - շեշտեց Խաչատրյանը։

Հռոմի կանոնակարգի հաստատումը ընդհանրապես պետք չէ կապել Միջազգային դատարանի՝ Ռուսաստանի նախագահին ձերբակալելու հրամանի հետ, քանի որ գործընթացը սկսվել էր Պուտինի ձեբակալման որոշումից շատ ավելի վաղ, ավելացնում է իշխանական պատգամավորը։

Մինչ այդ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն «Ազատությանը» հայտնեց, թե կանոնակարգի վավերացման կամ մերժման հարցը քննարկելու են Ազգային ժողովում, երբ այն ստանան, առայժմ չեն ստացել։

Խորհրդարանական ընդդիմադիրները շտապել են արձագանքել, Դաշնակցությունից Գեղամ Մանուկյանը փաստաթղթի վավերացումը «կրակի վրա յուղ լցնել է անվանել», իսկ Հանրապետականի գործադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ իշխանությունների քայլերն անվանելով «ծայրահեղ քաղաքական կուրություն»։

«Դա բավական քաղաքականացված կառույց է, խոսքը գնում է միջազգային դատարանի մասին։ Ամենակարևորը՝ աշխարհաքաղաքական այս իրավիճակում նման գործընթացի իրացումը հղի է անկանխատեսելի հետևանքներով և անկառավարելի», - նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ոչ Մամիջանյանը, ոչ Հանրապետականի հայտարարությունը չեն հիշատակում Վլադիմիր Պուտինին ձերբակալելու Միջազգային դատարանի տված հրամանը, թեև ՀՀԿ-ի հայտարարությունը տարածվել է հենց այս թեմային Մոսկվայի բուռն արձագանքից հետո։

«Աշխարհաքաղաքական իրադրությունը բավականին լարված է, նմանօրինակ արկածախնդրություն անելու բացարձակ ժամանակը չէր, և երկրորդ՝ ակնկալիքները, որոնք առկա են, խիստ ուռճացված են, որովհետև խոսքը գնում է բավականաչափ քաղաքականացվում կառույցի մասին», - նշեց պատգամավորը։

Ընդդիմադիրները բարձրացնում են նաև իրավական հարցեր՝ պնդելով, որ Սահմանադրական դատարանը անցել է իր լիազորությունների սահմանն ու կայացրել ապօրինի որոշում, քանի որ դատարանը նախկինում այն արդեն մեկ անգամ Սահմանադրությանը հակասող էր ճանաչել։

XS
SM
MD
LG