Մատչելիության հղումներ

Լկտիությունը և խուլիգանությունը չեմ կարող ես անարձագանք թողնել. Ալեն Սիմոնյան


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է ուղիղ պատասխանել հարցին՝ ինքը թքե՞լ է իրեն «դավաճան» անվանած դաշնակցական երիտասարդի դեմքին, թե՞ ոչ: Մեկ բան է հերքում՝ իր թիկնապահները երիտասարդի ձեռքերը չեն բռնել։

«Մեր խոսակցությունից հետո ինքը փորձ արեց հարձակվի ինձ վրա, հետո անվտանգության աշխատակիցները նրան բռնեցին, որ ինքը չհարձակվի իմ վրա, և նույնիսկ իրա հրապարակած տեսանյութում կամ որևիցե տեղ նման բան գոյություն չունի։ Մենք ընենց աշխարհում ենք ապրում, որ որևիցե բան թաքցնել անհնար է։ Ինչ վերաբերում է մնացածին, կարծում եմ, բոլոր պատասխանները իմ հրապարակման մեջ կան», - ասաց նա։

Դաշնակցական Կարեն Մկրտչյանը, մինչդեռ, Ֆեյսբուքի ուղիղ եթերում պնդել էր՝ Ազգային ժողովի նախագահին «դավաճան» անվանելու համար երեկ Երևանի կենտրոնում նրա թիկնապահները սկզբում իր ձեռքերն են բռնել, ապա Ալեն Սիմոնյանը մոտեցել ու թքել է դեմքին. - «Ինձ բռնել էին էին երեք հոգով, կամ երկու հոգով, և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը ինձ մոտեցավ, երեսիս թքեց... Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը իր հայրենակցի երեսին թքեց»։

1in.am-ին տված հարցազրույցում Ազգային ժողովի խոսնակը կատարվածը որակել է խուլիգանություն, լկտիություն ու ուղղորդված սադրանք։ Զգուշացրել է, որ Հայաստանի իշխանությանը վիրավորելն անընդունելի է, և անարձագանք չի մնա. - «Մենք մարդ չենք ծեծում, մարդկանց քրեորեն չեն հետապնդում իրենց քաղաքական հայացքների համար, մարդիկ հնարավորություն ունեն, ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն քվեարկությամբ իրենց կարծիքը արտահայտել: Դա որևիցե մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Իսկ էն լկտիությունը և խուլիգանությունը, ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող ես անարձագանք թողնել»:

Սիմոնյանը միաժամանակ պնդում է, թե իշխանության արձագանքը լինելու է օրինական։ Արդյոք այն, ինչ տեղի է ունեցել երեկ, համապատասխանո՞ւմ է օրենքին, ինչո՞ւ է Ազգային ժողովի նախագահն անձամբ պատասխանել՝ իրավապահներին դիմելու փոխարեն։ Այս և այլ հարցերի պատասխանները Ազգային ժողովի ղեկավարից ստանալ չհաջողվեց, նրա խոսնակը հայտնեց, թե Սիմոնյանն այսօր չի խոսելու։

Այս պահին հստակ է, որ միջադեպի մասին ո'չ Ոստիկանությունը, ո'չ էլ Քննչական կոմիտեն հաղորդում չեն ստացել։ Գլխավոր դատախազությունից չեն հստակեցնում` զբաղվո՞ւմ են այդ դեպքով, թե ոչ՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել։

Համացանցում կադրեր կան, որտեղ երևում է, թե ինչպես են դեպքից հետո ոստիկանները Կարեն Մկրտչյանին մեքենա նստեցնում։ Բերմա՞ն են ենթարկել, քննություն տարվո՞ւմ է թե ոչ՝ ոստիկանությունից չեն մանրամասնում՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել։ Դաշնակցական երիտասարդն էլ անպատասխան է թողնում մեր զանգերը։

Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան

Ընդդիմությունից էլ Ազգային ժողովի նախագահին են մեղադրում խուլիգանության, սադրանքների համար։ Իշխան Սաղաթելյանը, իր հերթին, զգուշացնում է՝ իշխանականների քայլերն անարձագանք չեն մնալու. - «Ցանկացած բռնաճնշում ավելի մեծ հակազդեցության է արժանանալու։ Մենք զիջման, նահանջի, համակերպվելու որևէ տեղ չունենք։ Ստեղ, ես շատ եմ ասել, մեկ անգամ էլ կրկնեմ՝ անձնական խնդիր չկա ընդհանրապես։ Սա պայքար է մարդկանց միջև, ովքեր ուզում են ունենալ հայրենիք, մարդիկ, ովքեր ասում են՝ առանց դրա էլ յոլա կգնանք։

«Շատ տհաճ իրավիճակ է, հատկապես այդ ծեծկռտուքն ու գռեհիկ միջոցառումները, թքելը... Ազգային ժողովի նախագահը թքել է։ Եվ չի հերքել, և կարծում եմ, որ սրանով ուզում էր ասել՝ լավ եմ արել թքել եմ մարդու դեմքին», - «Ազատությանն» ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Ժաննա Ալեքսանյան
Ժաննա Ալեքսանյան

Նա անլուրջ է համարում իշխանություն-ընդդիմություն նմանօրինակ պայքարը մի իրավիճակում, երբ պետությունը լուրջ սպառնալիքների առաջ է կանգնած, երբ Սյունիքում հաղորդվել է նոր զոհի ու ադրբեջանական առաջընթացի մասին, և ամեն րոպե նոր լայնածավալ ռազմական գործողությունների սպառնալիք կա. - «Իշխանությանը պահում է ընդդիմությունը, ընդդիմությանն էլ պահում է իշխանությունը, և այդ խաղերը նրանց մոտ միասնական են։ Որևէ մեկը իրավունք չունի խոսելու էս երկրի, կամ որ իրենք որևէ բան են անում էս երկրի էս օրհասական պահին, որ մարդկանց թողել են սահմաններին ամբողջությամբ շիվարած, անպաշտպան վիճակում, և իրենք էստեղ տարբեր շոուների են մասնակցում»։

Կարծիքներ կան նաև, որ ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին միջադեպերն ուղղորդված են, և առնչություն ունեն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու գործընթացի հետ։

Ազգային ժողովի նախագահն այսօր ասաց, որ խմբակցությունում դեռ չեն քննարկել՝ կո՞ղմ են Միջազգային քրեական դատարանին միանալու գործընթացին, որն օրեր առաջ Ռուսաստանի նախագահին ձերբակալելու հրաման է տվել։ Բայց ասաց, որ, իր կարծիքով, արագ վավերացման անհրաժեշտություն Հայաստանը չունի այսօր. - «Դա ոչ դրական քայլ է Ռուսաստանի նկատմամբ, որի իմաստը և օգտակար գործողության գործակիցը ես այսօր չեմ հասկանում։ Կան բազմաթիվ երկրներ, որոնք դա վավերացրել են, և Հայաստանը չպետք է էս հարցում պիոներ լինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG