Մատչելիության հղումներ

Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է Վիլնյուսի գագաթնաժողովին


ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները, Բրյուսել, 16-ը հունիսի, 2023թ.
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները, Բրյուսել, 16-ը հունիսի, 2023թ.

«Կընդունվեն հակառակորդին զսպելու որոշումներ»

Բրուսելյան կենտրոնակայանում այսօր պաշտպանության նախարարների ժողովի երկրորդ օրն է: Թեմաներից մեկը պաշտպանական ծախսերն ավելացնելու անդամ երկրներ խոստումների կատարումն է, բայց, բնականաբար, նախարարներն անդրադառնում են նաև Ուկրաինային:

երեկ առանցքայինը Կիևին զենքով սատարելու թեման էր: Այսօր ուշադրության կենտրոնում է հուլիսին Լիտվայում հուլիսի 11-ից 12-ը կայանալիք գագաթնաժողովի կազմակերպումը:

«Այսօր հող ենք պատրաստում Վիլնյուսի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար, որտեղ առաջնորդները կընդունեն հակառակորդների զսպմանն ու մեր պաշտպանության ամրապնդմանն ուղղված որոշումներ»,- ասել է Ստոլտենբերգը:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն Վիլնյուսում կվերանայի ծրագրերը և կձեռնարկի միջոցներ, որոնք դաշինքի երկրների արդյունաբերությանը թույլ կտան պաշտպանական ասպարեզում բավարարել աճող պահանջարկը:

ՆԱՏՕ-ն պետք է հասնի հռչակած նպատակին, որով ամեն անդամ պետության համախառն ներքին արդյունքի առնվազն 2 տոկոսը կհատկացվի պաշտպանությանը:

Պատերազմի ընթացքում Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին

Ուկրաինայի հարցում կա ընդհանուր ըմբռնում, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է՝ դաշինքին անդամակցելու մասին խոսք լինել չի կարող:

Հիմա, ըստ ՆԱՏՕ-ի, առաջնահերթ է Ուկրաինային հնարավորինս ակտիվ և մեծ չափով սատարելու և անվտանգության երաշխիքներ ապահովելու քաղաքականությունը, որի շնորհիվ պատերազմը պետք է ավարտվի ագրեսորի պարտությամբ:

Եվ միայն դրանից հետո հնարավոր կլինի քննարկել անդամակցության թեման: Բրյուսելում այդ մասին է խոսել նաև Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:

«Թույլ տվեք 20-րդ անգամ պատասխան տալ այդ հարցին, այո՝ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է, բայց բոլորը գիտակցում են, որ անհնարին է նոր անդամ ընդունել, երբ տվյալ երկիրը պատերազմի մեջ է, քամի որ այդ դեպքում ՆԱՏՕ-ն անմիջապես կդառնա հակամարտության կողմ, մի բան, որ ոչ ոք չի ուզում, և նախագահ Զելենսկին էլ դա գիտի»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:

Նրա փոխանցմամբ, հիմա ամենակարևորն օգնությունն է Ուկրաինային. «Պետք է ապահովել, որ Ուկրաինան հաղթի և ռուսական զորքին ստիպի հեռանալ իր տարածքից, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է ցանկացած տեսակի ռազմական աջակցություն: Դա պետք է լինի ուշադրության կենտրոնում»:

ՆԱՏՕ-ն Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի դաշինք է

Բրյուսելում գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ դաշինքի հիմնանպատակը Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի պաշտպանությունն է և որ ինչ-ինչ համաշխարհային կառույցի վերածվելու մտադրություն երբևէ չի եղել:

«ՆԱՏՕ-ն Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի դաշինք է և այդպիսին էլ կմնա: Չկա ՆԱՏՕ-ն համաշխարհային դաշինք դարձնելու և, օրինակ, Ասիայից անդամներ ընդունելու նպատակ: Ոչ ոք դրա կողմնակիցը չէ: Նման բան ընդհանրապես չի դիտարկվում»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն շատ բարձր է գնահատում համագործակցությունն Ասիայի և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանների երկրների հետ:

Ռուսաստանն այստեղ վետո չունի

Արդեն ժողովից հետո Ստոլտենբերգն ասել է, որ աշխատանք է տարվում ՆԱՏՕ-Ուկրաինա նոր խորհուրդ ստեղծելու ուղղությամբ:

Դրանում Ուկրաինան հավասար կլինի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և կխորհրդակցի ու որոշումներ կընդունի անվտանգության հարցերի վերաբեյալ: Ենթադրվում է, որ վիլնյուսյան գագաթնաժողովում դա ավելի մանրամասն կքննարվի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

«Մենք բոլորս համաձայն ենք, որ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ, և որ այդ որոշումը վերապահվում է բացառապես դաշնակիցներին և Ուկրաինային: Ռուսաստանն այստեղ վետո չունի»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

XS
SM
MD
LG