Անցած մեկ օրվա ընթացքում հեղեղված Խերսոնի մարզում ռուսական գնդակոծության հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը՝ հավելելով, որ շրջանը ենթարկվել է 44 գրոհի։
Երկու օր առաջ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ճեղքման պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է զոհվել, 13-ը անհետ կորել են, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։ Օկուպացված տարածքների ռուսական իշխանությունները հայտնում են ութ զոհի մասին։ Ավելի քան 2300 մարդ տարհանվել է։ Ռուսական կողմը հայտնում է տասնյակ հազարավոր մարդկանց տարհանման մասին։
Մինչդեռ ուկրաինական կողմը պնդում է, թե ռուսները առանց օգնության են թողել աղետի գոտում հայտնված իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակիչներին։
Բացի դրանից, Ուկրաինայի նախագահը մեղադրել է ռուսական կողմին նույնիսկ այս իրավիճակում Խերսոնը գնդակոծելու համար. - «Ռուս ահաբեկիչները փորձում են է'լ ավելի սրել իրավիճակը: Նրանք շարունակում են հրետակոծել Խերսոնը: Նրանք նույնիսկ գնդակոծում են տարհանման կետերը, ինչը չարիքի դրսևորում է, որը թերևս աշխարհում ոչ մի ահաբեկիչ, բացառությամբ ռուսների, երբևէ չի արել։ Օկուպանտները Խերսոնի շրջանի ձախափնյա ժողովրդին ամբողջությամբ թողել են առանց օգնության։ Եվ սա նաև Ռուսաստանի ղեկավարության բացարձակ գիտակցված ընտրությունն է։ Այսօր աշխարհում չկա մեկը, ով չտեսնի՝ Ռուսաստանը ղեկավարում են վայրենիներ»։
Վորոնեժում ԱԹՍ-ի գրոհի հետևանքով երեք մարդ վիրավորվել է
Մինչ այդ, Ռուսաստանի ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող Վորոնեժի կենտրոնում այսօր անօդաչու թռչող սարք մխրճվել է բնակելի շենքի մեջ։ Իշխանութունների տվյալներով, երեք մարդ է վիրավորվել։
ՏԱՍՍ պետական գործակալությունը հայտնում է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախը, ըստ օպերատիվ տեղեկությունների, եղել է ավիացիոն գործարանը։ Սակայն ՀՕՊ-ի աշխատանքի արդյունքում այն շեղվել է իր ուղուց և ընկել բնակելի շենքի վրա։
Կրեմլի խոսնակը կատարվածի համար մեղադրել է Կիևին․ - «Կիևի ռեժիմը շարունակում է հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների, բնակելի շենքերի վրա։ Մենք էլ շարունակում ենք պայքարել դրա դեմ և շարունակում ենք հատուկ ռազմական օպերացիան»։
Շարունակվում է Բելգորոդի հրթիռակոծությունը
Հանգիստ չէ նաև Ուկրաինային սահմանակից Բելգորոդի մարզում։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ անցած գիշեր կրկին հրթիռակոծվել են մարզի մի շարք բնակավայրեր։
Մասնավորապես, ըստ նահանգապետի, Շեբեկինո քաղաքում, որտեղ բնակչությունը տարհանվել էր նախորդ գնդակոծություններից հետո, «շատ կրակոցներ են եղել»։ Գլադկովի խոսքով, երեք մարդ վիրավորվել է։ Նահանգապետը նաև հայտնել է Բելգորոդ քաղաքի վրա անօդաչուների հարձակումների մասին՝ պնդելով, թե ՀՕՊ-ը բոլորը սարքերը խոցել է։
Ռազմի դաշտում իրավիճակը նույնպես լարված է։ Ռուսները ասում են, թե ուկրաինական բանակը անցել է հակահարձակման, սակայն՝ առանց հաջողությունների։ Ուկրաինական կողմը հակահարձակումից չի խոսում։
Միացյալ Նահանգները հայտարարել են Ուկրաինային ևս երկու միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու մասին
Մինչ այդ, Միացյալ Նահանգները ուկրաինական հակահարձակմանը օգնելու համար այսօր հայտարարել է ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի մասին, որը մեծամասամբ նեռարում է տարբեր տիպի հրթիրներ, առաջին հերթին՝ ուկրաինական բնակչությանը ռուսական հրթիռակոծություններւց պաշտպանելու համար։
Վաշինգտոնը նոր փաթեթի մասին հայտարարում է ուկրաինական հակահարձակման ֆոնին։ Համենյան դեպս, ռազմական վերլուծաբանների կարծիքով, երկար սպասված հակահարձակումն արդեն սկսվել է։ Ուկրաինական բանակը փորձում է առաջ գնալ միանգամից մի քնաի ուղղություններով, այդ թվում՝ Դոնեցկի մարզում և Զապորոժիեում։
Առաջիկա շաբաթները վճրորոշ են լինելու, ասում են փորձագետները։ Politico-ն, մասնավորապես, գրում է, թե Ուկրաինային ամերիկյան հետագա օգնությունը, ինչպես նաև նախագահ Ջո Բայդենի միջազգային հեղինակությունը ուղղակիորեն կախված են նրանից, թե որքանով կհաջողվի ուկրաինական հակահարձակումը։ Եթե այն դադարեցվի կամ ձախողվի, ամենայն հավանականությամբ, Ուկրաինային ռազմական և տնտեսական օգնությունը կդադարի, և Արևմուտքը այդ ժամանակ կփորձի գնտել պատերազմին վերջ տալու դիվանագիտական միջոց։
Միևնույն ժամանակ, ուկրաինական հակահարձկման ֆոնին Մոսկվան հայտարարում է Բելառուսի տարածքում տակտիկական միջուկային զենք տեղադրելու ժամկետների մասին։
Այն կսկսվի հուլիսի 7-8-ին, այդ զենքի համար պահեստների նախապատրաստման ավարտից անմիջապես հետո, Սոչիում Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է Վլադիմիր Պուտինը. - «Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Ինչպես գիտեք, հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան օբյեկտների նախապատրաստումը, և մենք անմիջապես կսկսենք միջոցառումները՝ կապված ձեր տարածքում համապատասխան զինատեսակների տեղակայման հետ»։
Ընդ որում, Ռուսաստանի նախագահը նշել է, թե անվտանգության տեսանկյունից իրավիճակը կայուն է, «նույնիսկ լավ», Մոսկվան և Մինսկը վստահորեն փոխգործակցում են այս ոլորտում։