Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկին ասել է, որ Միջազգային քրեական դատարանի մակարդակով արդեն հետաքննություն է սկսվել Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման գործով:
«Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչներն այցելել են Խերսոնի շրջան: Աղետի հենց առաջին օրը Ուկրաինայի գլխավոր դատախազը հետաքննության հայտ է ուղարկել այդ դատարան»,- ասել է Զելենսկին:
Ամբարտակի ոչնչացումից հետո մեծ թվով բնակավայրեր հայտնվել են ջրի տակ: Կողմերը միմյանց են մեղադրում ամբարտակի պայթեցման համար:
Զելենսկին ասել է, թե կարևոր է, որ միջազգային փորձագետները տեսնեն աղետի հետևանքները, այդ թվում՝ հեղեղված տարածքների գնդակոծման դեպքերը:
Նրա խոսքով, ուկրաինացի փրկարարներն այս ընթացքում տարհանել են մոտ 4000 բնակիչների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Դնեպր գետի արևելյան ափից: