Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան է նշանակվել Միխայիլ Եվդոկիմովը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
«Միխայիլ Նիկոլաևիչ Եվդոկիմովին նշանակել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան», - ասված է հրամանագրի տեքստում:
64-ամյա Եվդոկիմովն ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ 2011 թվականից նա զբաղեցրել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրենի պաշտոնը:
Ադրբեջանում ՌԴ նախկին դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հնգամյա պաշտոնավարումից հետո իր դիվանագիտական առաքելությունն այդ երկրում ավարտել է անցած շաբաթ: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ռուս դիվանագետն իր երախտիքն է հայտնել պաշտոնական Բաքվին Ադրբեջանում իր գործունեության ընթացքում «բարեկամական հարաբերությունների և համագործակցության համար»։