Մատչելիության հղումներ

Հնգամյա պաշտոնավարումից հետո ՌԴ դեսպան Բոչարնիկովն ավարտում է դիվանագիտական գործունեությունն Ադրբեջանում


Բաքվում հրաժեշտ են տալիս Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին, որը հնգամյա պաշտոնավարումից հետո ավարտում է Ադրբեջանում դիվանագիտական գործունեությունը։

Մոսկվան առայժմ չի հայտարարել, թե ում է պատրաստվում գործուղել Բաքու՝ ղեկավարելու իր դիվանագիտական ներկայացուցչությունը։

Հեռացող դեսպանին նախօրեին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Հանդիպման ընթացքում Բոչարնիկովն ու Բայրամովը երախտիքի խոսքեր են փոխանակել, տեղեկացնում է ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Կողմերը գոհունակությամբ են խոսել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բեղմնավոր համագործակցության և զարգացման հեռանկարների մասին», - ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։

Աղբյուրի համաձայն, պաշտոնյաները շեշտել են՝ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են՝ հասնելով դաշնակցային համագործակցության։

Երկու երկրները դաշնակցային համագործակցության հռչակագիր են ստորագրել հենց Բոչարնիկովի պաշտոնավարման օրոք՝ անցյալ տարվա փետրվարին։

«Նախարար Ջեյհուն Բայրամովը խորը երախտագիտություն է հայտնել դեսպան Միխայիլ Բոչարնիկովին ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի, մասնագիտական գործունեության և առաջացող խնդիրների արդյունավետ լուծմանն աջակցելու համար։ Դեսպան Միխայիլ Բոչարնիկովն իր հերթին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանում իր գործունեության ընթացքում իրեն ցուցաբերած բարեկամական հարաբերությունների և համագործակցության համար», - փոխանցում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

75-ամյա ռուսաստանցի դիվանագետը, որը նախկինում ղեկավարել է Զիմբաբվեում, Հունաստանում, Ղազախստանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունները, Բաքվում դեսպանի իր աշխատանքը սկսել էր ուղիղ հինգ տարի առաջ։

Այդ պաշտոնում իր հրապարակային հայտարարություններում վերջին շրջանում Բոչարնիկովը միևնույն միտքն է կրկնում՝ «ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանից խլել հայ-ադրբեջանական կարգավորման նախաձեռնությունը», «Արևմուտքը փորձում է սեպ խրել Մոսկվայի և Բաքվի միջև»։

Բոչարնիկովը Ռուսաստանի դեմ ուղղված քայլ է որակել նաև հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը, մտավախություն հայտնել, թե նախ այդ քաղաքացիական առաքելությունը կարող է վերածվել ռազմական բաղադրիչներով ներկայության, ապա նաև ընդլայնվել դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք։

Ի դեպ, Միխայիլ Բոչարնիկովը Բաքվում աշխատող այն քիչ դեսպաններից է, ինչպես նաև ռուսաստանցի պաշտոնյաներից, որն այցելել է Շուշի։ Ի տարբերություն ռուս դեսպանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանները մերժել էին Շուշի այցելելու պաշտոնական Բաքվի հրավերը, ինչը Ադրբեջանի իշխանությունները գնահատել էին որպես անհարգալից վերաբերմունք երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG