Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտարարում է Արցախի ՊՆ-ն։
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն ավելի վաղ հերթական անգամ հաղորդել էր, թե իբր հայկական կողմը «կրակել է ռուս խաղաղապահների տեղակայման գոտում՝ Ղարաբաղի շրջանում» իր դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - փոխանցում են Արցախից։
Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով Ասկերանի և Մարտունու և Շուշիի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին, հավելում է Պաշտպանության բանակը։
Ադրբեջանական կողմը նման հաղորդագրություններ վերջին շրջանում ամեն օր է տարածում։ Այս պնդումները Հայաստանի ռազմական գերատեսչությունը ապատեղեկատվություն է որակում, ավելին՝ և՛ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, և Արցախի պաշտպանության բանակը երեկ, իրենց հերթին, հայտնել են ադրբեջանական կողմի բացած կրակոցների ու հրադադարի խախտման մասին։ Ստեփանակերտից նախ հերքել էին շփման գծի հատվածներում ամրաշինական աշխատանքների մասին հայտարարությունները։ Բացի այդ, հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում երկու անգամ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Ըստ Երևանի էլ՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ։