Մի դեպքում հայտարարված մրցույթներին ոչ մի ընկերություն չի մասնակցել, երկրորդում պարտված կազմակերպությունը մրցույթի արդյունքներից դժգոհ դատի է տվել կառավարությանը, երրորդում հաղթող ընկերությունը գրեթե կրկնակի թանկացրել է սակագինը։
Սպիտակում ևս համայնքի 21 բնակավայրերն իրար կապող երթուղիները սպասարկելու համար մրցույթը երեկ չկայացավ։ Գլխավոր պայմանն այն էր, որ տրանսպորտային ընկերությունների ավտոբուսների տարիքը մինչև 10 տարեկան կարող է լինել։ 10 տարին լրացած ավտոբուսները ենթակա են պարտադիր փոխարինման: Մինչդեռ Սպիտակ քաղաքում ու հարակից գյուղերում տարիներ շարունակ առնվազն 20-25 տարվա «Պազ»-երով» ու «Գազել»-ներով աշխատած ընկերություններում ասում են՝ նոր ու թանկարժեք ավտոբուսը կիսաքանդ ճանապարհներ չեն հանի։
Սպիտակի երթուղին սպասարկող երկու ընկերություններից մեկի վարորդ Արայիկ Սահակյանն ասում է, թե անվճարունակ ուղևորների հաշվին մեծ ծախսեր չեն անի. - «Ո՞ր մեկը հարյուր դրամի խաթեր թազա թիվ «Գազել» կբերի, կկոխի էդ ճամփեքի մեջը։ Էդ ոչ մի բանի մասին չեն մտածում, բայց որ էրկու ավելի պասաժիր տանում են, էդ վախտը կարում են չէ՞ մտածեն»։
Սպիտակի երթուղիներից մեկն արդեն 5 տարի սպասարկած Հովհաննես Շիրոյանն ասում է՝ շքեղություն է իր համար 25 հազար դոլար վճարել 4-5 տարեկան «Գազել»-ի համար։ Ռուս գործընկերներ է գտել, փորձում է բանակցել մեքենան հնարավորինս էժան Հայաստան հասցնելու համար։ Եթե ստացվի, իր մեկ «Գազել»-ով կարող է ընդամենը մեկ երթուղու մրցույթի մասնակցել. - «Զապչաստը թանկացել ա, սալյարկեն 670 դրամ ա դառել 420-ից, գազը թանկացել ա, ամեն ինչ թանկացել ա, բայց տոմսը նույն գինն ա... Տոմսը որ մի քիչ բարձր ըլներ, մարդիկ ռիսկ կանեին թեկուզ վարկով էդ բիզնեսը կընդլայնեին։ Բայց բիզնեսը էս պահին ավելի ա ներքև իջնում»։
Իսկ քանի դեռ նոր «Գազել»-ներով սպասարկող ընկերություն չի հայտնվել, համայնքի գյուղերն իրար կապող երթուղիները կգործեն նախկին պայմանագրերով, որոնք համայնքապետարանը երկարաձգում է մինչև մրցույթի կայանալը։
Սպիտակից 20 կմ հեռու Կաթնաջուր գյուղի բնակիչներն օրինակ ասում են, որ համայնքի խոշորանալուց հետո իրենց գյուղ այլևս ավտոբուս չի մտնում։ Նախ վարորդները ոչ շահավետ են համարել ուղևորափոխադրումներն իրենց գյուղից ու վաղաժամ դադարեցրել պայմանագիրը, հետո արդեն համայնքապետարանը փորձել է կառավարության սահմանած նոր կարգով մրցույթ հայտարարել, բայց մասնակից չկա։
Խնդիրն ավելի է մեծանում միջմարզային ու միջհամայնքային ուղևորափոխադրումների դեպքում։ Կառավարությունը նախատեսել է յուրաքանչյուր մարզի համար ունենալ միջհամայնքային բոլոր երթուղիներն սպասարկող միայն մեկ տրանսպորտային օպերատոր։
Լոռու մարզում համայնքների խոշորացումից հետո հայտարարված մրցույթը ևս անարդյունք է անցել։ Հանձնաժողովը համարել է, որ մասնակից միակ ընկերությունը չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին։
Արդյո՞ք կառավարության այս որոշումը չի հանգցնի տեղերում մենաշնորհների։ Ի՞նչ կտա միայն մեկ օպերատորի առկայությունը դաշտում։ Նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Այվազյանն «Ազատությանն» ասում է՝ ուղևորներն ի վերջո արժանի են լավ սպասարկման։ Ու քանի որ Հայաստանում առայժմ քիչ են լավ հնարավորություններ ունեցող տրանսպորտային միջոցները, որոշել են, որ յուրաքանչյուր մարզում համայնքները մայրաքաղաքին, ինչպես նաև իրար կապող միայն մեկ ընկերություն կարող է գործել. - «Փոխադրողները հերթով հրաժարվում են երթուղիների սպասարկումից ոչ շահավետ լինելու պատճառով։ Եթե միայն մենք թողնում ենք նախկին համակարգով, սպասարկում են միայն շահավետ երթուղիները, հատկապես Երևան քաղաքին մոտ մարզերը, Երևան եկող ենթուղիները։ Իսկ մարզերի ներսում փաստացի համարյա չունենք երթուղիներ։ Մարզեր ունենք, որ չունենք երթուղիներ ընդհանրապես»։
Սպիտակցի իրավապաշտպան Անուշ պետրոսյանն ամեն օր Լեռնանցքից մոտ 10 կմ ճանապարհ է կտրում՝ աշխատանքի գնալու համար։ Ասում է՝ երթեկության հետ կապված խնդիրներ ունի արդեն մեկ տարի։ Սկզբում Քովիդով պայմանավորված ընկերությունները դադարեցրին որոշ երթուղիներ, իսկ հիմա արդեն լուրերը կառավարությունից, թե միասնական տրանսպորտային համակարգ են ներդնում, ընկերություններին հետ են պահում մրցույթներին մասնակցելուց։ Համայնքներում գործող ընկերությունների համար ամենաշահավետ երթուղին դեպի մարզկենտրոն ուղևորափոխադրումներն են։ Մինչդեռ եթե մեկ օպերատորի գաղափարը շրջանառվում է, ապա գյուղական բնակավայրերն իրար կապող երթուղիների հույսին մնալն ընկերությունների համար ոչ շահութաբեր է, ասում է Անուշիկ Պետրոսյանը, ով ուսումնասիրել ու եզրակացրել է՝ նախարարությունում ուղևորափոխադրումներն ավելի արդյունավետ դարձնելու փորձ են անում՝ առանց ռիսկերը գնահատելու. - «Միասնական տրանսպորտային համակարգը պատնեշ ա դնում էդ կազմակերպությունների համար։ Էլ ոչ մեկ չի կարող դիմել, որովհետև արդեն միասնական տրանսպորտային համակարգ ա լինելու, մեկ միասնական օպերատոր միջհամայնքային երթուղիների համար»։
Վերջերս միջմարզային տրանսպորտային մեկ օպերատորի մրցույթը հաջողությամբ էր կայացել Կոտայքի մարզում, բայց այստեղ էլ նոր մեքենաները երթուղի հանած ընկերությունը միանգամից ուղեվարձը գրեթե կրկնակի թանկացրել էր։