Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջին անհրաժեշտության պարագաներ է տրամադրել Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցմանը հաջորդած ջրհեղեղից տուժած շրջանների բնակիչներին։
ԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է ջրհեղեղի բացասական ազդեցության մասին տարածաշրջանի ջրամատակարարման, սանիտարական և առողջապահական համակարգերի վրա:
ԱՀԿ-ի փորձագետներն աղետի գոտիներում խոլերայի հարուցիչ են հայտնաբերել, հայտնում է Reuters-ը։
Արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի աշխատակից Թերեզա Զաքարիան վստահեցրել է, որ վատագույն սցենարի դեպքում Ուկրաինայի իշխանություններն, ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ, արագ կապահովեն անհրաժեշտ պատվաստանյութերի ներմուծումը։
ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների տնօրեն Մայք Ռայանը ասել է, որ կազմակերպությունը նաև օգնություն է առաջարկել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներին:
«Մենք կցանկանայինք մուտք ունենալ դեպի այս տարածքները և վերահսկել բնակիչների առողջությունը», - ասել է Ռայանը:
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խստորեն քննադատել էր միջազգային մարդասիրական կազմակերպություններին աղետի գոտում հայտնված ուկրաինացի բնակիչներին շտապ օգնություն չցուցաբերելու համար։