Մատչելիության հղումներ

Կիևը և Մոսկվան միմյանց են մեղադրում Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման համար


Կիևն ու Մոսկվան այսօր վաղ առավոտվանից միմյանց են մեղադրում Ուկրաինայի խոշորագույն էներգետիկ կառույցներից մեկի՝ Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացման համար։

«Ռուսաստանը պայթեցրել է Կախովկայի ՀԷԿ-ի պատվարը։ Այդ քայլի նպատակը ակնհայտ է՝ անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծել Ուկրաինայի զինված ուժերի հարձակվող ստորաբաժանումների համար և ձգձգել պատերազմի արդարացի ավարտը», -Тwitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխաիլ Պոդոլյակը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տրամագծորեն հակառակ վարկածն է առաջ քաշում՝ պնդելով, որ Կախովկայի ՀԷԿ-ը պայթեցրել են ուկրաինական ուժերը՝ լայնորեն գովազդված հակահարձակման առաջին օրերին արձանագրված անհաջողությունների պատճառով։

«Այստեղ մենք արդեն իսկ միանշանակորեն կարող ենք պնդել, որ խոսքը ուկրաինական կողմից իրականացված կանխամտածված դիվերսիայի մասին է։ Այս դիվերսիան կարող է հեռանկարում շատ ծանր հետևանքների հանգեցնել՝ հետևանքներ տասնյակ հազարավոր մարդկանց, բնության համար, նաև հետևանքներ, որոնք դեռ պետք է հստակեցնել։ Միանշանակ է նաև, որ այս դիվերսիայի նպատակներից ևս մեկը Ղրիմը ջրազրկելն է, քանի որ թերակղզին սնուցող ջրանցքում ջրի մակարդակն արդեն իսկ կտրուկ նվազում է։ Ըստ ամենայնի, դիվերսիան կապ ունի նաև այն հանգամանքի հետ, որ երկու օր առաջ լայնածավալ հարձակողական գործողություններ սկսելով՝ Ուկրաինայի զինված ուժերն այժմ իրենց առջև դրված խնդիրներին չեն հասնում», - նշել է Պեսկովը։

ՀԷԿ-ի պայթեցումից մի քանի ժամ անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որի ավարտին իր պաշտոնական Տելեգրամ ալիքում գրել է. «Միայն Ուկրաինայի հաղթանակը կարող է վերադարձնել անվտանգության զգացումը։ Եվ այդ հաղթանակը անկասելի է՝ չնայած ահաբեկիչների կողմից օգտագործվող ջրին, հրթիռներին կամ այլ միջոցներին»։

Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է նաև Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման ազդեցություն ռազմական գործողությունների ընթացքի վրա։ Մի շարք աղբյուրներ պնդում են, որ Դնեպրում ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը լուրջ դժվարություններ կստեղծի ուկրաինական հակահարձակման համար՝ հատկապես ռազմաճակատի հարավային հատվածում։

Այսօր կեսօրին Վիեննայում շտապ խորհրդակցություն է հրավիրել նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը՝ արձանագրելով, որ Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ Եվրոպայի խոշորագույն էներգետիկ օբյեկտի՝ Զապորոժիեի ատոմակայանի աշխատանքի վրա։

«Այսօր լրջորեն վնասվել է Նովայա Կախովկայի պատվարը, ինչը հանգեցրել է Զապորոժիեի ատոմակայանի ռեակտորների սառեցման նպատակով օգտագործվող հատուկ ավազանում կուտակված ջրի մակարդակի զգալի նվազեցման։ Կենսական նշանակություն ունեցող համակարգերում տևական ժամանակով սառեցնող ջրի բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ ատոմային վառելիքը կսկսի հալչել, իսկ վթարային դիզելային գեներատորները շարքից դուրս կգան», - այսօր հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Արևմուտքում որևէ կասկած չկա՝ Կախովկայի ՀԷԿ-ը պայթեցրել են ռուսական ուժերը։

«Կախովկա ՀԷԿ-ի պատվարի՝ այսօր տեղի ունեցած ոչնչացումը վտանգում է հազարավոր խաղաղ բնակիչների գոյությունը, լուրջ վնաս է հասցնում նաև շրջակա միջավայրին: Սա աղաղակող մի գործողություն է, որը Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում մեկ անգամ ևս ի ցույց է դնում Ռուսաստանի դաժանությունը», - այսօր Բրատիսլավայում շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

XS
SM
MD
LG