Մատչելիության հղումներ

ԵՄ-ը ձգտում է հեռացնել Ռուսաստանին Ադրբեջան - Հայաստան գործընթացից. Բաքվում ՌԴ դեսպան


Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկով, արխիվ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկով, արխիվ

Ռուս դիվանագետն սկսել է տարածաշրջանում անվտանգության ռիսկեր տեսնել:

Եվրամիության գործողություններն ուղղված են Ռուսաստանին ադրբեջանա - հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելուն, հայտարարել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը ադրբեջանական Haqqin տեղեկատվական-վերլուծական պորտալին տված հարցազրույցում:

«Կարծում եմ՝ մենք չպետք է խաբվենք «քաղաքացիական առաքելություն» տերմինով», - ասել է Բոչարնիկովը՝ շարունակելով, թե «առաքելությունն ինքնին Եվրամիության ընդհանուր քաղաքականության վարողն է անվտանգության և պաշտպանության ոլորտում, այլ ոչ թե քաղաքացիական, և հնարավոր է, որ այն վերածվի ռազմական բաղադրիչներով ներկայության, նաև գոյություն ունի հնարավորություն, որ այս առաքելությունը կսկսի ընդլայնվել դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք»:

«Նման խնդիրներն անվտանգության ռիսկ են ողջ տարածաշրջանում, ողջ Հարավային Կովկասում: Մեզ՝ այս տարածաշրջանի բաղկացուցիչ միավորներին, բնակիչներին, պետք չեն արտատարածաշրջանային ուժեր՝ այստեղ մեր խնդիրները լուծելու համար», - հայտարարել է Բոչարնիկովը։

Անդրադառնալով Բաքվի կողմից որպես «Զանգեզուրի միջանցք» ներկայացվող թեմային՝ Ռուսաստանի դեսպանը վստահեցրել է, թե բոլոր հիմքերը կան տրանսպորտային տնտեսական ուղիները բացելու ծրագրերն իրականացնելու համար:

Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Նախատեսվում է, որ առաքելության մանդատը կլինի երկու տարի, օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվելու է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց է տվել իր բացասական դիրքորոշումը տվյալ հարցում, Ադրբեջանն էլ վերապահումներ է հայտնել:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG