Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ռուսաստանի կառավարությանը պարտավորեցրել է 40 հազար եվրոյի փոխհատուցում վճարել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին՝ նրա ենթադրյալ թունավորման հետաքննությունը մերժելու համար:
Նավալնին ծանր թունավորման ախտանիշներով Օմսկի հիվանդանոց էր տեղափոխվել 2020 թվականի օգոստոսի 20-ին, ապա բուժումը շարունակել Բեռլինի հիվանդանոցներից մեկում, որտեղ փորձագետները պարզել էին, որ քաղաքական գործիչը կարող էր թունավորված լինել ռուսական արտադրության թույնով։
Նավալնիի կողմնակիցները մահափորձի մեջ մեղադրում են Ռուսաստանի հատուկ ծառայություններին։
ՄԻԵԴ-ի վճռի համաձայն, Ռուսաստանի իշխանությունները պարտավոր էին հետաքննել Նավալնիի հետ տեղի ունեցածը և պարզել մահափորձի հնարավոր քաղաքական դրդապատճառները, պետական գործակալների հնարավոր մասնակցության մասին պնդումները։
Նախկինում ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն, Ռուսաստանը պետք է կատարի ՄԻԵԴ-ի որոշումները մինչև 2022 թվականի սեպտեմբերի 16-ը քննարկման ընդունված գործերում։ Մոսկվան հրաժարվում է դա անել։
Ռուսաստանը հերքում է Նավալնիի դեմ ենթադրյալ մահափորձում որևէ դերակատարություն։
Անցյալ տարի Մոսկվան հայտարարել է Եվրոպական խորհուրդը լքելու և ՄԻԵԴ-ի՝ 2022 թվականի մարտի 15-ից հետո կայացված վճիռները չկատարելու որոշման մասին։