Եվրամիության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել մի խումբ ռուսաստանցիների նկատմամբ, ովքեր մասնակցել են ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզայի դեմ քրեական հետապնդումներին։
Պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց՝ ՌԴ արդարադատության փոխնախարար Օլեգ Սվիրիդենկոյի, քննիչներ Դենիս Կոլեսնիկովի, Անդրեյ Զադաչինի, մի խումբ դատավորների, իրավապահ համակարգի այլ պաշտոնյաների Եվրամիությունն արգելում է այսուհետ մուտք գործել ԵՄ երկրներ, ինչպես նաև կսառեցնի նրանց ակտիվները։
«Պատժամիջոցների վերաբերյալ այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Եվրամիության վճռականությունը՝ համերաշխ լինել բոլոր նրանց հետ, ովքեր հետապնդվում են, բանտարկվում կամ ահաբեկվում են մարդու իրավունքների համար պայքարելու և ճշմարտությունն ասելու համար», - հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Ապրիլի 17-ին Մոսկվայի քաղաքային դատարանը ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզային 25 տարվա ազատազրկման է դատապարտել՝ մեղավոր ճանաչելով պետական դավաճանության, ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու և ,այսպես կոչված, անցանկալի կազմակերպության հետ համագործակցելու համար։
Իրավապաշտպան կառույցները, արևմտյան երկրների առաջնորդները Վլադիմիր Կարա-Մուրզայի քրեական հետապնդումը որակել են քաղաքական։