Ռուսաստանցի ընդդիմադիր Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսերը կոչ է արել Վաշինգտոնին ազնվորեն գնահատել Ռուսաստանում տեղի ունեցողը և կոշտ արձագանքել նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններին: Այս մասին «Բաց Ռուսաստան»-ի համակարգողը հայտարարել է ԱՄՆ Սենատում երեկ տեղի ունեցած լսումներին:
Ընդդիմադիր գործիչը հիշեցրել է, որ Ռուսաստանում չկա ազատ և արդար ընտրություն, իշխանությունները ճնշում են անկախ լրատվամիջոցներին, ոչ-կառավարական կազմակերպություններին էլ անվանում են «արտասահմանյան գործակալներ» և «լրտեսներ»:
Կարա-Մուրզա կրտսերը նշել է, որ այսօր Ռուսաստանում շուրջ 100 քաղբանտարկյալ կա: Վերջին մի քանի տարվա ընթացքում սպանվել են լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ, իրավապաշտպաններ, կոռուպցիայի դեմ պայքարող ակտիվիստներ:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարող էր միջամտել արևմտյան երկրների ընտրություններին, որովհետև այդ երկրների իշխանությունները Կրեմլի գործողություններին «կոշտ և սկզբունքային չեն արձագանքել»:
Վերջին երկու տարվա ընթացքում Վլադիմիր Կարա-Մուրզան երկու անգամ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է. հարազատներն ու ընկերները կարծում են, որ նրան նպատակադրված փորձել են թունավորել: