Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երեկ (հունիսի 4-ի) առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել հարավային Դոնեցկի ուղղությամբ ճակատի հինգ հատվածներում։ Ուկրաինական կողմի փորձերը ճեղքել պաշտպանական գիծն ռազմաճակատի այս ուղղությամբ, տապալվել են, պնդում է ռուսական կողմը։
«Հակառակորդի նպատակն էր ճեղքել մեր պաշտպանությունը ռազմաճակատի, իր կարծիքով, ամենախոցելի հատվածներում։ Հակառակորդը չի կատարել իր առջեւ դրված խնդիրները և հաջողություններ չի ունեցել», - այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Ընդ որում, նա պնդել է, թե ուկրաինական կողմը մեծ կորուստներ է ունեցել։
Կիևը հերքում է անհաջող հակահարձակման մասին ռուսական կողմի հայտարարությունը։
«Ուկրաինացիներին բարոյալքելու և սեփական բնակչությանը մոլորեցնելու համար ռուս քարոզիչները կեղծ տեղեկություններ են տարածելու հակահարձակման, դրա ուղղությունների և ուկրաինական բանակի կորուստների մասին։ Նույնիսկ եթե հակահարձակում չլինի։ Դրա համար պատրաստվել են հին տեսանյութեր ու լուսանկարներ», - ասված է ուկրաինական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները հայտնում են, թե Ուկրաինայի զինված ուժերը առաջ են գնացել Դոնեցկի և Զապորոժիեի շրջաններում։
Ուկրաինական կողմը լայնածավալ հակահարձակումը սկսելու մասին չի հայտարարում։ Հակառակը, կոչ է արել իր զինվորականներին չխոսել ռազմական գործողությունների մասին։
Մինչ այդ, Սպիտակ տան խորհդական Ջեյք Սալիվանը երեկ հայտարարել է, թե Վաշինգտոնը հավատում է, որ ուկրաինական կողմի հակահարձակումը հաջողություն կունենա, և Կիևը կկարողանա իր վերահսկողության տակ վերցնել ռազմավարական տարածքը։ Թե որ տարածքի մասին է խոսքը, Սալիվանը չի հստակեցրել։
Ռազմական վերլուծաբաններից շատերը սակայն վստահ են, որ ուկրաինական ուժերը կփորձեն առաջին հերթին գրավել Ռուսաստանի և Ղրիմի միջև ցամաքային կամուրջը։
Ռազմական գործողության նպատակներից ոչ մեկը չի իրականացվել. Զատուլին
Ուկրաինական հակահարձակումը դեռ չսկսած, Մոսկվայում արդեն սկսել են խոսել պարտության մասին։ «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Կոնստանտին Զատուլինը կարող է զրկվել Պետդումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ քննադատական արտահայտությունների համար, հայտնում է «Վեդոմոստի» թերթը։
Անցած շաբաթ Զատուլինը «Ինչպիսի՞ Ուկրաինա է մեզ պետք» համաժողովի իր ելույթում հայտարարել էր, թե Ուկրաինայում պատերազմի նպատակներից ոչ մեկը չի իրականացվել. - «Որո՞նք էին ռազմական գործողության սկզբում պաշտոնապես հայտարարված մեր նպատակները։ Դուք բոլորդ հիշում եք՝ դենացիֆիկացիա, ապառազմականացում, Ուկրաինայի չեզոքություն և Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների պաշտպանություն։ Այս կետերից ո՞րի դեպքում ենք մենք այսօր արդյունքի հասել»։
Զատուլինի խոսքով, այսօր ռուսական կողմը բավարար ուժ չունի իր նպատակներին հասնելու համար, քանի որ Ուկրաինան ունի աննախադեպ աջակցություն Արևմուտքից։
«Վեդոմոստի»-ի փոխանցմամբ, «Եդինայա Ռոսիա»-ն արդեն քննարկում է Զատուլինին հանձնաժողովում զբաղեցրած պաշտոնից զրկելու և «Եդինայա Ռոսիա» խմբակցությունից հեռացնելու հարցը։
Իրավիճակը Ռուսաստանի Բելգորոդի մարզում մնում է չափազանց լարված
Միաժամանակ, իրավիճակը Ուկրաինային սահմանակից Բելգորոդի մարզում մնում է չափազանց լարված։ Այս գիշեր, նահանգապետի խոսքով, անօդաչուն հարվածել էր էներգետիկ օբյեկտներից մեկին։
Ռուսական կամավորական կորպուսը պնդում է, թե մարտերը մարզում շարունակվում են։ Ավելին, սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում, իբր Բելգորոդի մարզում Ուկրաինայի կողմում կռվող Ռուսաստանի կամավորական կորպուսի երեկվա գրոհի ժամանակ ռուս զինծառայողների է գերի վերցրել։ Տեսանյութից պարզ չէ, թե քանի մարդ է գերի ընկել, երբ և որտեղ է նկարահանվել այն։