Մատչելիության հղումներ

Էրդողանը խոստացավ ծառայել բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց էթնիկ, կրոնական պատկանելիությունից ու քաղաքական հայացքներից


«Թուրքիան հաջողությամբ հաղթահարեց իր պատմության ընթացքում ամենակրիտիկական ընտրական գործընթացներից մեկը»,- նախագահական նստավայրում իր ինագուրացիայի ելույթում ասել է վերընտրված նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Ամեն ինչ կանենք արդարացնելու ինձ, մեր կուսակցությանն ու քաղաքական դաշինքին ժողովրդի տված վստահությունը։ Մենք պատրաստ ենք ծառայելու Թուրքիայի 85 միլիոն բնակչության յուրքանչյուրին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, էթնիկ ու կրոնական պատկանելիությունից»,- հավաստիացրել է Էրդողանը։

Նա երկրի 85 միլիոն բնակչությանը համախմբվելու կոչ է արել «մի շրջանում, երբ Հանրապետությունը միասնության կարիք ունի այնքան շատ ինչպես երբևէ»։

«Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին մեր երկիրը միասնության կարիք ունի։ Համերաշխության և միասնության կոչ եմ անում 81 նահանգների բնակիչներից յուրաքանչյուրին»,- հայտարարել է նա՝ ընդդիմության ներկայացուցիչներին կոչ անելով հարգել ժողովրդի կամքը և գործել պատասխանատու՝ հանուն թուրքական ժողովրդավարության ամրապնդման։

Նա հակառակորդներին կոչ է արել մի կողմ թողնել նախընտրական շրջանի հակասությունները և համատեղ իրականացնել «հարյուրամյակ Թուրքիա» ծրագիրը։

Նա ասել է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը կուժեղացվի սահմանադրության նոր խմբագրմամբ և հրաժարվելով գործող հիմնական օրենքից, որը, նրա խոսքով, ռազմական հեղաշրջման շրջանի արդյունք է։

Նա վճռական հավատարմություն է հայտնել Աթաթուրքի նշանաբաններին, ասելով՝ «խաղաղություն տանը, խաղաղություն ամբողջ աշխարհում» ու խոստացել ընդլայնել «հումանիտար դիվանագիտության շրջանակները»։

Էրդողանը հայտնել է, որ այսօր երեկոյան կհրապարակի նոր կառավարության կազմը, որը առաջին նիստը կգումարի հունիսի 6-ին։

Այսօր ավելի վաղ խորհրդարանում երդմնակալության արարողությամբ Էրդողանը ստանձել է Թուրքիայի նախագահի պաշտոնը։

XS
SM
MD
LG