Ղազախստանը Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը մաս կազմելու առաջարկները լուրջ չի ընկալում։ Այս մասին երկուշաբթի օրը, երկրի հյուսիսային մարզեր կատարած այցի ընթացքում, հայտարարեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ մեկանաբանելով իր բելառուս պաշտոնակցի վերջին հայտարարությունները։
«Օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանին առաջարկեց անդամակցել Միութենական պետությանը։ Ես ըստ արժանվույն գնահատեցի նրա այդ կատակը։ Չեմ կարծում, որ նման անհրաժեշտություն կա, քանի որ գոյություն ունեն այլ ինտեգրացիոն միավորումներ՝ նախևառաջ Եվրասիական տնտեսական միությունը», - հայտարարում էր Տոկաևը։
Միութենական պետությանն անդամակցելու առաջարկը Բելառուսի նախագահը հնչեցրել էր մայիսի 25-ին Մոսկվայում՝ Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո։
«Որևէ մեկը դեմ չէ, որ Ղազախստանը կամ մյուս պետությունները, նույնքան սերտ հարաբերություններ ունենան Ռուսաստանի Դաշնության հետ, որքան մենք ունենք։ Իսկ դրան հասնելը շատ հեշտ է՝ պետք է անդամակցել Բելառուսի և Ռուսաստանի միությանն ու բոլորս էլ միջուկային զենք կունենանք», - հայտարարում էր Լուկաշենկոն։
Բայց նույնիսկ միջուկային զենքով գայթակղելը չփոխեց Տոկաևի մոտեցումը։ Ղազախստանի նախագահը շարունակում էր պնդել՝ իր երկիրը հավատարիմ է տասնամյակներ առաջ ստանձնած ոչ միջուկային կարգավիճակին։
«Ինչ վերաբերում է միջուկային զենքին, ապա մենք դրա կարիքը չունենք, քանի որ միացել ենք «Միջուկային զենքի չտարածման» և «Միջուկային զենքի փորձարկումների արգելման» մասին համաձայնագրերին։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ միջազգային այդ փաստաթղթերի շրջանակում ստանձնած մեր պարտավորություններին», - հայտարարում էր Տոկաևը։
Հարկ է հիշեցնել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո խորհրդային բանակի միջուկային մարտագլխիկների մի զգալի մասը մնացել էր հենց Ղազախստանի տարածքում, որոշ մասնագետների գնահատմամբ, այդ պահին աշխարհում առկա միջուկային սպառազինության մոտ 25 տոկոսը։
Ղազախստանը, սակայն, դրանք յուրացնելու որևէ փորձ չկատարեց՝ համաձայնելով ոչնչացնել կամ Ռուսաստանին փոխանցել իր տարածքում գտնվող միջուկային զինանոցը։
90-ականների սկզբին երկիրը միացավ «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրին, ինչի դիմաց Ռուսաստանը և արևմտյան առաջատար պետությունները,1994 թվականի դեկտեմբերի 5-ին Բուդապեշտում ստորագրված հռչակագրով, երաշխավորեցին Ղազախստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։
Ի դեպ, նույն օրը, նույնատիպ երաշխիքներով նույնաբովանդակ փաստաթուղթ ստորագրվեց նաև Ուկրաինայի հետ։