Մատչելիության հղումներ

Միջուկային 5 գերտերությունները ատոմային պատերազմ թույլ չտալու հանձնառություն են ստանձնում


Ռուսաստանը նոր միջմայրցամաքային թևավոր հրթիռ է փորձարկում, արխիվ
Ռուսաստանը նոր միջմայրցամաքային թևավոր հրթիռ է փորձարկում, արխիվ

Միջուկային 5 գերտերություններ՝ Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը, երեկ համատեղ հայտարարություն են տարածել, որում նշված է, որ իրենց առաջնահերթ պատասխանատվությունն են համարում միջուկային զենք ունեցող պետությունների միջև պատերազմ թույլ չտալը և ռազմավարական ռիսկերի նվազեցումը։

«Մենք հայտարարում ենք, որ ատոմային պատերազմում չեն կարող հաղթողներ լինել, և այն երբեք չպետք է տեղի ունենա», - ասված է համատեղ հայտարարությունում։

Միջուկային զենք ունեցող երկրները հայտարարում են նաև, որ իրենց միջուկային զենքերը չպետք է ուղղված լինեն միմյանց, ինչպես նաև այլ երկրների դեմ ու պետք է ծառայեն պաշտպանական նպատակների՝ ագրեսիան զսպելու ու պատերազմները կանխելու համար։

Համատեղ հայտարարությունում 5 երկրներն իրենց հավատարմությունն են հայտնել Միջուկային զենքի չտարածման պայմանագրին։

Ավելի ուշ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, թե հայտարարությունը ռուսական նախաձեռնությունն էր և պետք է ընդունվեր այսօր Նյու Յորքում կայանալիք Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հարցերով 10-րդ միջազգային կոնֆերանսին, որը, սակայն, հետաձգվել է համավարակի պատճառով։ Զախարովայի խոսքով՝ 5 միջուկային գերտերությունները, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են, որոշել են ընդհանուր հայտարարությունն այդուամենայնիվ տարածել։

Հետաքրքիր է, որ հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման ֆոնին․ Արևմուտքի պետությունները կարծում են, որ Ռուսաստանը կարող է լայնածավալ հարձակում պատրաստել այդ երկրի դեմ, Մոսկվան հերքում է։

Միևնույն ժամանակ, աճող լարվածության ֆոնին ռուսական կողմը Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից պահանջում է «անվտանգության երաշխիքներ», որոնց շուրջ բանակցությունները պետք է սկսվեն հունվարին։

Անվտանգության երաշխիքների պահանջները, որոնք ներառում են, մասնավորապես, Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդունելը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում արդարացնում էր նրանով, որ եթե Ուկրաինայում ամերիկյան միջուկային հրթիռներ տեղակայվեն, դեպի Մոսկվա դրանց թռիչքի ժամանակը կկրճատվի մինչև 5-7 րոպե։

Միացյալ Նահանգները, մինչդեռ, երբեք չի հայտարարել Ուկրաինայում հրթիռներ տեղակայելու մտադրության մասին։ Դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ըստ Պուտինի օգնական Յուրի Ուշակովի, քանիցս հայտարարել է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին։

Վերջին տարիներին Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը մշակում է կամ արդեն մշակել է նոր սպառազինության համակարգեր, այդ թվում՝ միջուկային։ Խոսքը մասնավորապես հիպերձայնային հրթիռների մասին է, որոնց ստեղծման հարցում, Պուտինի խոսքով, Ռուսաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից:

XS
SM
MD
LG