Մատչելիության հղումներ

Պուտինը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին՝ նիստին Ալիևի մասնակցությանը դեմ չլինելու համար


Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը նրան շնորհակալություն հայտնեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահի մասնակցությանը համաձայնություն տալու համար։

Ըստ Վլադիմիր Պուտինի՝ տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից դա օգտակար է, «լրացուցիչ հարթակ և երկխոսության հնարավորություն է ստեղծում այն ոլորտներում, որոնք ոչ մի կասկածի տեղիք չեն տալիս»։

Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինը նշել է, որ վարչապետ Փաշինյանի հետ քննարկել են Ղարաբաղի շուրջ կարգավորման հետ կապված զգայուն հարցերը։

«Մենք դեռ հնարավորություն կունենանք եռակողմ ձևաչափով խոսել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ։ Հարցերը շատ կարևոր են և զգայուն։ Վստահ եմ, որ եթե ի վերջո, չնայած բոլոր դժվարություններին, հասնենք այս հարցերի լուծմանը, ապա սա, անկասկած, օգուտ կբերի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Եվ ոչ միայն երկու երկրների, այլև ի շահ ողջ տարածաշրջանի, քանի որ շատ պետություններ շահագրգռված են դրանում, և դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր վեկտորներով», - ասել է Ռուսաստանի առաջնորդը։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նախորդել է Պուտին-Ալիև հանդիպումը։ Այնուհետև տեղի կունենա երեք առաջնորդների հանդիպումը։

Կրեմլում այսօր անցկացվել է ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցել է Ադրբեջանի նախագահը։ Այստեղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանավեճ էր սկսվել։

XS
SM
MD
LG