Մատչելիության հղումներ

Թուրք-ադրբեջանական հարաբերությունները՝ Թուրքիայի ընտրական սուր բանավեճերի առարկա


Թուրքիայում երեք օրից կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունից առաջ թուրք -ադրբեջանական հարաբերությունները կրկին նախընտրական բանավեճերի գլխավոր թեմաներից են։ Չեն մարում սուր քննարկումները, մասնավորապես Ադրբեջանը շրջանցող տրանսպորտային միջանցքի հայտնի քարտեզի շուրջ, որը հրապարակել էր նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։

Էրդողանի մրցակիցը առաջարկում էր Թուրքիան Չինաստանին կապել Իրանով, այլ ոչ թե Ադրբեջանով, ինչն ընդդիմախոսների համոզմամբ՝ կարող է թուլացնել թյուրքական աշխարհը՝ մեծացնելով կախվածությունն Իրանից և Չինաստանից, ինչպես նաև տապալել այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որը պաշտոնական Բաքվի պատկերացմամբ՝ Ադրբեջանը Թուրքիային պետք է կապի Նախիջևանով և Հայաստանի հարավով անցնող ճանապարհներով։

Անկարայում չեն թաքցնում, որ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքն» իրականություն դառնալու դեպքում կշահի նաև թուրքական կողմը, որի համար ադրբեջանական գազի հասանելիության հարցը ավելի կհեշտանա։ Այդ հեռանկարին հակասող Թուրքիայի նախագահի ընդդիմության թեկնածուի ներկայացրած «Միջին միջանցքին» նախօրեին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն է անդրադարձել, պնդելով, որ թուրքական ուղին անցնում է Ղարաբաղով, քաղաքական հակառակորդին էլ քննադատել Ադրբեջանին անտեսելու փորձերի համար. - «Թուրքերի ուղին անցնում է Շուշայով, Ջաբրայիլով և Զանգեզուրով՝ հին թյուրքական երկիր, որտեղ նահատակների արյուն է թափվել»։

Թուրքիայի համապետական ընտրությունների քարոզարշավի առաջին օրերից Մևլյութ Չավուշօղլուն իր գրեթե բոլոր ելույթներում շարունակաբար ակնարկում էր, թե ընդդիմության հաղթանակը կարող է հանգեցնել Անկարայի կողմից Բաքվին ցուցաբերվող աջակցության նվազեցմանը։ Երեկ էլ իր հայրենի Անթալիայի Քեփեզ քաղաքում ելույթ ունենալով՝ նա կրկին Ադրբեջանի հետ հարաբերություններին էր անդրադարձել, Քըլըչդարօղլուի ծրագիրն էլ դատապարտելիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է մատնացույց արել, ասելով՝ եթե նա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, Քըլըչդարօղլուի ուզածն ի՞նչ է։

«Քեմալ Քըլըչդարօղլուն դուրս եկավ քարտեզը ձեռքին, ասաց՝ սա իմ հանճարեղ նախագիծն է, տեսնում ենք, որ Ադրբեջանը շրջանցվել է: Ի՞նչ եք ուզում Ադրբեջանից։ Քըլըչդարօղլո՞ւ, ի՞նչ խնդիր ունեք մեր եղբայրների հետ։ Այսօր Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ իրենք պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Ղարաբաղը։ Ի՞նչն է ձեզ մտահոգում»։

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն, փորձելով պատասխանել ընդդիմախոսների, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ իր հասցեին հնչած քննադատություններին, հավաստիացրել է, թե իր գլխավոր նպատակը Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելն է, «թյուրքական նախագծի» ընդլայնումն ու թյուրքական պետությունների հետ հարաբերությունների ամրապնդումը։

Ինչ վերաբերում է Երևանից Անկարայի և Բաքվի պահանջած այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքին», Քըլըչդարօղլուն նշել է, որ պետք է այնպես անել, որպեսզի այդ միջանցքը գործի, միաժամանակ շեշտել, որ այդ հարցում մեծ է Թուրքիայի աջակցությունն Ադբեջանին ։

Թուրք ընդդիմադիր գործիչը նկատել է՝ այդ հարցը հարուցում է Իրանի արձագանքը, դա էլ, իր հերթին, մերձեցնում է հարևաններ Թեհրանին ու Երևանին։

«Եթե Թուրքիան ջանքեր գործադրի այդ տարածաշրջանում խաղաղության ուղղությամբ, ինչպես նաև Իրանին և Հայաստանին հասկացնի, որ տվյալ նախագիծը տնտեսական առավելություններ կտա տարածաշրջանի բոլոր երկրներին՝ ինչպես Հայաստանին, Իրանին, այնպես էլ թյուրքական պետություններին, ապա մենք կընդլայնենք և կմեծացնենք այդ միջանցքը։ Ահա թե ինչ էի ցանկանում ասել», - պարզաբանել է Քըլըչդարօղլուն։

Խոսելով դաշնակից Ադրբեջանից՝ թեև Քըլըչդարօղլուն փորձել է չնվազեցնել Թուրքիայի համար եղբայրական երկրի նշանակությունը, այդուհանդերձ Էրդողանի պես չի հայտարարել, որ ընտրվելու դեպքում առաջին այցը կկատարի Ադրբեջան։

«Եթե ես դառնամ նախագահ, առաջին հերթին, ինչպես և պահանջում է պետական ավանդույթը, կայցելեմ Հյուսիսային Կիպրոս, որից հետո Ադրբեջան։ Բաքվի և Ստամբուլի միջև չկա որևէ տարբերություն։ Որևէ թուրքական քաղաքական կուսակցություն Ադրբեջանի նկատմամբ չունի այլ հայացքներ, ոչ ես, ոչ մյուս կուսակցությունները», - հավաստիացրել է Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն։

XS
SM
MD
LG