Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն խստորեն դատապարտել է Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին տեղի ունեցող գործողությունները:
Կլյուգեն այդ մասին ասել է Հայաստամի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպման ժամանակ՝ անընդունելի համարելով նաև բուժաշխատողների թիրախավորումը։
Մայիսի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական կողմը կրակել է Սոթքի դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել զինծառայող Էդգար Սուլեյմանյանը, ով մինչև հոսպիտալ տեղափոխվելը մահացել է։ Նախարարությունը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը կրակել է վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է նաև բուժակը։
Հանս Կլյուգեն նշել է, որ պատրաստ են օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները՝ նմանատիպ գործողությունները դատապարտելու համար:
Առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ տարածաշրջանային տնօրենին՝ խնդրի կարգավորման մեջ անձնական ներգրավվածության համար: