Բաքուն այսօր հայտարարել է, թե Հայաստանի Զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել սահմանին գտնվող ադրբեջանական բանակի դիրքերին։
«Մարտի 18-ին ժամը 7:15 Հայաստանի Զինված ուժերը մարտական անօդաչու թռչող սարքեր են կիրառել Քալբաջարի շրջանի Ելիջ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի մի քանի դիրքերի ուղղությամբ», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում, որի համաձայն՝ տարածքի զննության ժամանակ հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքերից նետված ոչ գործարանային արտադրության արկերի մնացորդներ։
«Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կորուստներ չեն կրել, ձեռնարկվում են պատասխան գործողություններ», - հայտարարում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը՝ տարածաշրջանում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը դնելով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս հաղորդումը դեռ չի մեկնաբանել: Գերատեսչության խոսնակ Արամ Թորոսյան առավոտյան «Ազատությանը» փոխանցել է, որ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
Նախօրեին հայ - ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում կրակոցների հետևանքով հայկական կողմից մի զինծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել: Բաքուն պնդում է, թե ադրբեջանական կողմը հայկական դիրքերը չի գնդակոծել: