Այսօր Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սոթքի սահմանին զոհված զինծառայող Նարեկ Բաղդասարյանի հոգեհանգիստն է: 20-ամյա ժամկետայինը շուտով պիտի տուն գար, շարունակեր կրթությունը Երևանի Պետական համալսարանում, տան փոքրն էր, երկու ավագ քույր ունի:
«Մնացել էր 50 օր, որ զորացրվեր: Լավ ընտանիք է՝ հարգված գյուղում: Ինքը հայրենասեր, ընկերների կողմից սիրված, լավ անձնավորություն էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը:
Վարդենիսի Սոթք, Կութ, Նորաբակ, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ վերջին երկու օրերի մարտերում 8 զինծառայողներ էին վիրավորում ստացել։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, երեկ առավոտյան ադրբեջանական անօդաչուի հարվածից վիրավորում ստացած երկու զինծառայողներից մեկն արդեն դուրս է գրվել զինվորական հոսպիտալից։
Պաշտոնական Բաքուն հաղորդում է երկու զոհի և մեկ ծանր վիրավորի մասին։
Գիշերը սահմանին հանգիստ է եղել, առավոտյան էլ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության: Երեկ մինչև ուշ երեկո ադրբեջանական կողմը շարունակում էր կրակի տակ պահել սահմանի այս ուղղությունը:
«Հիմա նորմալ: Իրիկունը 10-ից էս կողմ էլ ոչ մի բան չի եղել», - այսօր «Ազատությանը» փոխանցեց Կութ համայնքի բնակիչներից Գայանե Վերդյանը:
Նա պատմեց՝ երեկ ադրբեջանական մի արկ բնակիչներից մեկի հողամասն է ընկել, բարեբախտաբար տուժածներ չկան, վնասներ չկան։ Վարդենիսի այս գյուղերից վերջին օրերին տարհանում չի եղել, բայց շատերն են գերադասում փոքրիկներին ավելի ապահով վայր տեղափոխել. - «Էդ կրակոցների պահին հանում են, իջացնում Վարդենիս, մեկ էլ հանդարտվում ա՝ նորից գալիս են տուն, էլի»:
Ադրբեջանական կողմը նախորդ երկու օրերին ականանետ էր կիրառում Նորաբակի ուղղությամբ:
«Կրակոցներ կար, իսկ հետո հանգստացան: Այսօր առավոտվանից էլ ձեն-ձուն չկա: Զենքերից չեմ հասկանում, հասկանում եմ, որ մեծ զենքերից էին կրակում: Որ կողմն էր գնո՞ւմ՝ հա գյուղի վրայով գնում էին, բայց թե որտեղ ընկավ, ինչ արեց, չգիտեմ: Գյուղի մեջ չի ընկել», - «Ազատությանը» պատմեց նորաբակցի Կարինե Մարկոսյանը:
Տիկին Կարինեն ասում է՝ այժմ գյուղում խաղաղ է, ու ամեն մեկն իր գործին է. - «Ոչ մեկին չեն հանել, բոլորը տեղում են, ոչ մեկը գյուղից դուրս չի եկել: Սպասողական վիճակ էր՝ հեսա կվերջանա, հեսա կվերջանա, փառք Աստծու, դե հիմա հանգիստ ա, չգիտեմ՝ ինչքան կտևի էդ հանգստությունը: Երբ որ կրակոցներ ա, անհանգստանում էինք, երբ որ կտրում ա, սկսում ենք մեր գործին լինել...»:
Կարինե Մարկոսյանը դասվար է Նորաբակի դպրոցում՝ վերջին երկու օրերին էլ աշխատանքի էր, դասասենյակում էին իր բոլոր աշակերտները՝ երկու հոգի: