Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան այսօր ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Բուայոնին:
Խոսնակը նրան շնորհավորել է Ադրբեջանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ նա կնպաստի Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանը:
Գաֆարովան նաև ասել է, թե ֆրանսիացի որոշ քաղաքական գործիչներ բացահայտ սատարել են Հայաստանին թե՛ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում և թե՛ դրանից հետո:
«Նման սադրիչ հայտարարությունները վատ են ազդում ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների վրա»,- ասել է Գաֆարովան:
Այդ առումով նա քննադատել է 2022 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի ընդունած բանաձևերը և դրանք «հակաադրբեջանական» է անվանել:
Գաֆարովան նաև քննադատել է Լաչինի ճանապարհի մասին արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հայտարարությունները, որոնցով նա հանդես է եկել Հայաստանում, ինչպես նաև Ֆրանսիայի հանրային ռադիոյին տված հարցազրույցում:
Գաֆարովայի պնդմամբ, այդօրինակ հայտարարությունները վկայում են Ֆրանսիայի կողմնակալ դիրքորոշման մասին:
«Բոլորը պետք է գիտակցեն, որ Ղարաբաղի շրջանը միջազգայնորեն ճանաչվում է որպես ինքնիշխան Ադրբեջանի տարածքի անբաժանելի մաս»,- ասել է Գաֆարովան:
Բուայոնն, իր հերթին, նշել է, որ Ֆրանսիայի կառավարությունը չի աջակցում խորհրդարանականների ընդունած վերը նշված բանաձևերը: