Մատչելիության հղումներ

Տեղի տարածքում ադրբեջանական զինուժը շարունակում է դիրքավորվել․ գյուղի ավագանու անդամ


Ադրբեջանցիները Տեղ գյուղի տարածքում, 4-ը ապրիլի, 2023թ․
Ադրբեջանցիները Տեղ գյուղի տարածքում, 4-ը ապրիլի, 2023թ․

Տեղ գյուղի տարածքում ադրբեջանական զինուժը շարունակում է դիրքավորվել, «Ազատությանը» փոխանցեց գյուղի ավագանու անդամը։ «Իրենք ազատ աշխատում են», - ասաց Արգամ Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ չնայած իշխանությունների հավաստիացումներին, թե սահմանի հստակեցման, ճշգրտման աշխատանքը շարունակվում է, միևնույնն է ՝ ադրբեջանցիները միլիմետր անգամ չեն նահանջել։

«Ո՞նց կարա150 հեկտար հողը հենց ընենց վերցնի գյուղացուց ու ճշգրտի, տենց բան կլինի՞։ Լուռ ու մունջ եկել են կանգնել են, հենա տենց էլ կանգնած իրանց տեղում», - ասաց Հովսեփյանը։

Ադրբեջանական զինուժը մարտի վերջին խրամատավորվեց Տեղի դաշտերում, տասն օր անց կրակ բացեց հարևանությամբ ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ: 4 հայ զինծառայող զոհվեց։ Ապրիլի 29-ին նույն հատվածում մեկ զինծառայող վիրավորում ստացավ։ Սահմանային միջադեպերը Տեղում շարունակվում են։

Բաքուն պնդում է՝ հայկական կողմն է կրակ բացում։ Երեկ մի էքսկավատորի լուսանկար էին տարածել, որն, իրենց պնդմամբ, խոցվել է հայկական զինուժի կողմից։ Պաշտպանության նախարարության խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, որ հենց Տեղ գյուղից է, լրագրողների հետ զրույցում շեշտել է՝ Տեղում ամենօրյա բախումներ են։

«Քանի որ դեռ այդ հատվածն ամեն օր բախումներ են լինում, հիմա մեր կողմն, իրանց կողմն, էս պահի դրությամբ, չեն կարողանում ինժեներական աշխատանք կատարել», - ասաց Պողոսյանը։

Հովսեփյանը հակադարձում է՝ միջադեպերը կողմերից ոչ մեկին չեն կանգնեցնում, աշխատանքը շարունակվում է։

«Ես իմ ընկերների հետ տասը րոպե առաջ եկել եմ ներքևից, տենց բան չկա, իրենք էլ են աշխատանքներ կատարում ինժեներական, մերոնք էլ են կատարում», - ասաց Տեղ գյուղի ավագանու անդամը։

Ըստ նրա՝ կրակողն ադրբեջանական կողմն է։ «Երեք օր առաջ մի հատ կրակեցին, երևի վախեցնում են, ինչ են անում տենց», - ասաց Արգամ Հովսեփյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG