Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ նախարարը ԱՄՆ փոխպետքարտուղարին է ներկայացրել Տեղի դեպքերի մանրամասները


ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգան, արխիվ
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգան, արխիվ

Տարածաշրջանային անվտանգության խնդիրների են անդրադարձել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանը երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

«Նախարար Միրզոյանը ներկայացրել է նախօրեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի մանրամասներ՝ նշելով, որ այն Ադրբեջանի ընդհանուր ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն էր և նպատակ է հետապնդում նաև խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է խաղաղության գործընթացին Հայաստանի հանձնառությունն ու ներկայացրել առկա խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները, հաղորդում է ԱԳՆ լրատվականը:

Հայաստանի ռազմական գերատեսչությունն ապրիլի 11-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ինչին հայկական կողմը համարժեք պատասխանել է: Հաջորդած գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, Բաքուն հայտնում է իր 3 զոհի մասին: Ժամեր անց հաղորդվեց իրավիճակի հարաբերական կայունացման մասին:
Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար:

XS
SM
MD
LG