Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով («Գաղտնի» նշագրմամբ) նախաքննությունն ավարտվել է: Դատախազության հաղորդագրության համաձայն՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ մասին գրավոր ծանուցվել են վարույթի մասնավոր մասնակիցները:
Վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` 4 դրվագ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում» և «պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:
Հաղորդագրության համաձայն, մեղադրանք է առաջադրվել ևս 12 անձի, այդ թվում՝ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մ.Վ.-ին` 2 դրվագ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», Պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գ.Խ.-ին` ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով», «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դ.Գ.-ին՝ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ «առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում»:
Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը փետրվարի 8-ին զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից:
Պաշտպանության նախկին նախարարը մեղադրանքը չի ընդունում: