Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ։
Ըստ Արցախի նախագահի գրասենյակի՝ օրակարգում լիակատար շրջափակման պայմաններում երկրի անվտանգության ապահովման, բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի կազմակերպման և այլ ուղղություններում իրականացվող աշխատանքներն էին։
Ներկայացնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում՝ Հակարի գետի կամրջին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, դրա լիցքաթափման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ըստ Արցախի նախագահի գրասենյակի, Արայիկ Հարությունյանն անդրադարձել է փոփոխվող ներքին ու արտաքին մարտահրավերներին և ընդգծել դրանց դիմակայման համար բոլոր ռեսուրսների համախմբման, կատարվող աշխատանքների վերագնահատման անհրաժեշտությունը:
Արցախի նախագահը հանձնարարականներ է տվել իրավասու կառույցների ղեկավարներին:
Ադրբեջանցիներն ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։ Անցած տարվա դեկտեմբերից էլ էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակեցին Շուշի-Քարինտակ հատվածը, այժմ նրանց փոխարինել են ուժայինները։