Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մոտ 88 մլն մ³ (ընդհանուր ջրատարողության շուրջ 15 տոկոսը), մոտենալով մեռյալ (չօգտագործելի) ծավալին՝ շուրջ 70 մլն մ³, ահազանգում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Ներսիսյանը ֆեյբուքյան իր էջում գրել է, որ արդեն 117 օր է Ադրբեջանը խափանում է միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, մարտի 22-ից արդեն վերջնականապես արգելափակել է նաև Հայաստան-Արցախ միակ խողովակաշարով գազի մատակարարումը, որը հանգեցրել է էլեկտրաէներգիայի ներքին արտադրության անխուսափելի աճի և էլեկտրամատակարարման համակարգերի գերծանրաբեռնվածության:
Պետնախարարը նշում է, որ նման պայմաններում Արցախը ստիպված է կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը՝ բաղկացած 6 հիդրոէլեկտրակայանից, որոնցից միայն Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին բաժին է ընկնում ընդհանուր հզորության շուրջ 70 տոկոսը: Արդյունքում, ի հայտ են եկել ոչ միայն մի շարք հումանիտար և կենցաղային դժվարություններ, այլև լուրջ բնապահպանական խնդիրներ՝ կապված Սարսանգի ջրամբարի պաշարների սրընթաց սպառման հետ:
Ըստ պետնախարարի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարվա հունվարի 9-ից առ այսօր, էլեկտրաէներգիայի նվազագույն ծավալի արտադրությունն ապահովելու նպատակով Սարսանգի ջրամբարից բաց է թողնվել գրեթե երեք անգամ ավելի շատ ջուր, իսկ ջրի մուտքը եղել է շուրջ երկու անգամ ավելի քիչ՝ պայմանավորված ընթացիկ տարվա կլիմայի չորությամբ:
«Այս իրավիճակը ոչ միայն ռիսկի տակ է դնում Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հեռանկարը և խորացնում մարդկանց տառապանքները, այլև՝ արդեն հանգեցրել է շրջակա միջավայրի վրա բացասական մեծ ազդեցության, այդ թվում՝ աղբյուրների չորացման, միկրոկլիմայի վատթարացման, բուսական և կենդանական տեսակների անկման և այլն։ Իրավիճակի անհապաղ չկարգավորումն ու Արցախի բնականոն էլեկտրամատակարարման չվերականգնումն անխուսափելիորեն կարճ ժամկետում կհանգեցնի էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական հիմնախնդիրների կտրուկ սրման և, վերջիվերջո, հումանիտար աղետի», - հայտարարել է Ներսիսյանը։
Ստեփանակերտը կոչ է անում միջազգային հանրությանը, համապատասխան միջազգային կառույցներին, երկրների կառավարություններին և Արցախի ժողովրդի իրավունքներով ու անվտանգությամբ իսկապես մտահոգ բոլոր անձանց, «չանտեսել էներգետիկ, հումանիտար, բնապահպանական և տնտեսական այս աղետալի իրավիճակը և անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ստիպելու Ադրբեջանին հրաժարվել նման միջնադարյան, ահաբեկչական ու դաժան պահվածքից թե՛ մարդկանց, և թե՛ շրջակա միջավայրի նկատմամբ»: