Շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ Արցախից12 անձ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, 6 բուժառուներ էլ, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ մինչ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 365 հիվանդ։
Նախարարությունը նշում է, որ «Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, «Հանրապետական բժշկական կենտրոնում» 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Ադրբեջանցիները կիրակի օրվանից փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է և անցակետ տեղադրել։ Արցախի առողջապահության նախարարությունն ահազանգել էր՝ ադրբեջանական անցակետի տեղադրման պատճառով չեղարկվել էր 28 հիվանդի տեղափոխումը Հայաստան։