Այս գիշեր ռուսական զորքերը հրթիռակոծել են Նիկոլաև քաղաքը։ Հարվածը հասցվել է չորս «Կալիբր» հրթիռներով։ Մեկ մարդ մահացել է, 23-ը՝ վիրավորվել, այդ թվում երեխա։ Ցերեկն էլ հարձակման է ենթարկվել Խերսոն քաղաքը, մեկ տղամարդ մահացել է։
Ռազմի դաշտում իրավիճակը էապես չի փոխվել։ Ռուսները փորձում առաջ գնալ երեք ուղղություններով՝ ամենաթեժ մարտերը դարձյալ Բախմուտում են։ Ուկրաինական ուժերը չեն թողնում քաղաքի արևմտյան թաղամասերը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, թե ռուսական գրոհային ջոկատները, օդադեսանտային ուժերի աջակցությամբ, քաղաքի հյուսիս-արևմտյան, արևմտյան և հարավ-արևմտյան մասերում գրավել են չորս թաղամաս։
Թեժ է նաև Մարյինկայի և Ավդեևվկայի մոտ
Ամեն օր ռմբակոծության ենթարկվող Ավդեևվկայում մնում են խաղաղ բնակիչներ՝ մոտ 1700 մարդ, որոնք կա'մ չեն կարող, կա'մ չեն ուզում թողնել քաղաքը։
Թեև տեղի իշխանությունները տարհանելու կոչեր են անում, սակայն քաղաքում մնացածների համար հատուկ կետ են ստեղծել, որտեղ կա լույս, ջուր, սնունդ և նույնիսկ վարսավիրանոց։
«Մարդը գալիս է, մինչև լողանում է, այնտեղ լվացքն է արվում։ Ուտում են, թեյ են խմում, հեռախոսն են լիցքավորում։ Վերցնում են լվացած շորերն ու ուրախ գնում տուն։ Հենց մեր կանայք սկսեցին մազերը ներկել, տեսնեիք, թե ինչ աչքերով էին նայում վարսավիրին», - պատմում է տեղի աշխատակիցը։
Քաղաքում գրեթե չի մնացել նոմալ շենք, մարդիկ ապրում են նկուղներում, որտեղ իրենց ավելի ապահով են զգում։
Ավդեևկայում մնացած կանայք ասում են՝ մեզ կարգի բերենք, որ հաղթանակի շքերթի ժամանակ գեղեցիկ լինենք։
Մինչդեռ պատերազմի վերջը չի երևում
Չնայած աննախադեպ պատժամիջոցներին, Ռուսաստանը պատերազմը առնվազն ևս մեկ տարի շարունակելու միջոցներ ունի, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով արտահոսքի արդյունքում համացանցում հայնտված ամերիկյան հետախուզության փաստաթղթերին։
Ըստ այդ փաստաթղթերի, չնայած ռուսական տնտեսական էլիտայի որոշ անդամներ համաձայն չեն Կրեմլի վարած քաղաքականության հետ, չնայած որ պատժամիջոցները վնաս են հասցրել նրանց բիզնեսին, նրանք դժվար թե հետ կանգնեն Վլադիմիր Պուտինին սատարելուց։
Բացի դրանից, թերթի տվյալներով, Ռուսաստանը պատրաստվում է մեկ տարում հավաքագրել 415 հազար պայմանագրային զինծառայող։
Նոր մարդկանց է հավաքագրում նաև «Վագներ» ռազմական մասնավոր ընկերությունը։ Նախօրեին հրապարակվել էր տեսանյութ, որում «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը այցելել էր Վագների վարձկաններին ճամբար՝ նորեկներին հարցնելով. - «Եկել եք, որ հասցնեք Բախմուտը գրավե՞լ»։
Կիևին փոխանցվել է խոստացված գրեթե ողջ զինտեխնիկան. Ստոլտենբերգ
Ռուսները պատրաստվում են ուկրաինական հակահարձակմանը, որը պետք է սկսվի առաջիկա շաբաթներին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի դաշնակիցները և Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերները Կիևին են փոխանցել գրեթե ողջ խոստացված զինտեխնիկան. - «Ուկրաինային խոստացված մարտական մեքենաների ավելի քան 98 տոկոսը արդեն փոխանցվել է ուկրաինական հրամանատարությանը»։
Գլխավոր քարտուղարի խոսքով, հաշվի առնելով փոխանցված տեխնիկան և Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար մատակարարվող արկերը, այժմ ուկրաինական բանակն ունի անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններ ռուսական զորքերի կողմից օկուպացված տարածքները ազատագրելու համար։
Ուկրաինական կողմը շեշտում է, թե դա վճռական ճակատամարտ է լինելու։ Արևմտյան փորձագետները ասում են, թե այդ հակահարձակումից է կախված լինելու այս պատերազմի և հնարավոր բանակցությունների ճակատագիրը։
Երեկ առաջին անգամ ռուսական լայնածավալ հարձակումից ի վեր զրուցել են Ուկրաինայի և Չինաստանի առաջնորդերը։ Ամիսներ առաջ Պեկինը հանդես էր եկել ռուս-ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման իր ծրագրով։
Երեկ Սին Ծինպինի հետ մեկ ժամ տևած հեռախոսազրույցից հետո Զելենսկին Թելեգրամում գրել է․ - «Տարածքային զիջումների միջոցով խաղաղության հասնելն անհնար է։ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի 1991 թվականի սահմաններում»։
Զելենսկու խոսնակ Սերգեյ Նիկիֆորովն էլ հայտարարել է, որ Ուկրաինայի և Չինաստանի խաղաղության ծրագրերը ընդհանուր եզրեր ունեն, մասնավորապես միջուկային զենքի չկիրառման հարցում։