«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցներից մեկի համբավն ունեցող մեծահարուստ Եվգենի Պրիգոժինն ասել է, թե ուկրաինական բանակն, ամենայն հավանականությամբ, մայիսի 2-ից հետո կանցնի հզոր հակագրոհի:
«Ի՞նչ է հիմա կատարվում: Անձրևներ են, վերջինն, ըստ օդերևութաբանների, կտեղա մայիսի 2-ին, ապա մի քանի օր է պետք, որ քամին հողը չորացնի: Դրանից հետո նրանք [ուկրաինացի զինծառայողները] կարող են առաջ շարժվել», - ասել է Պրիգոժինը:
Նա չի բացառել, որ ուկրաինացիները կարող են խոշոր հակագրոհի մեկնարկը հարմարեցնել մայիսի 9-ին, որ «փչացնեն ռուսների տոնը»:
«Ուկրաինացիների գրոհն անխուսափելի է», - ասել է Պրիգոժինը և ավելացրել է, որ հենց այս օրերին Բախմուտի շրջանում արյունալի ծանրագույն մարտեր են ընթանում:
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիրը նաև վերստին դատապարտել է Ռուսաստանի բանակի ղեկավարներին, ասելով, թե վագներականները հարկ եղած չափով զինամթերք չեն ստանում: