Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում նախագահել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը:
Ռուսաստանն այդ կառույցում ապրիլի 1-ից հերթագայության կարգով ստանձնել է նախագահությունը:
Օրակարգում ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների պաշտպանությունն է: Մոսկվան միջազգային հանրությանը կոչ է անում վերահաստատել հավատարմությունը Կանոնադրությանը, նշելով, որ «մի շարք երկրներ վերջին շրջանում փորձում են ՄԱԿ-ը ենթարկել իրենց սեփական շահերին»:
Լավրովն այսօր իր ելույթում Արևմուտքին մեղադրել է երկակի չափանիշներ կիրառելու համար, պնդելով, որ Արևմուտքն ու նախևառաջ Միացյալ Նահանգներն անտեսում են միջազգային օրենքի հիմնական պահանջները:
«Երկակի չափանիշներ չպետք է լինեն, բազմակողմանիությունը և դեմոկրատիան պետք է հարգվեն ոչ միայն երկրների ներսում, այլև երկրների հարաբերություններում: Բոլորը գիտեն, որ դեմոկրատիայի մասին իր պատկերացումներն ուրիշներին պարտադրող Արևմուտքը չի ուզում դեմոկրատացում միջազգային հարաբերություններում, որի հիմքում կլինի պետությունների ինքնիշխան իրավահավասարությունը»,- ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ աշխարհը հիմա, ինչպես և սառը պատերազմի տարիներին, հասել է մի վտանգավոր հանգրվանի, «գուցե ավելի վտանգավոր, քան այն ժամանակ»:
Ըստ Լավրովի, Արևմուտքի ֆինանսական ագրեսիայի հետևանքով գլոբալացման բարիքները ոչնչացվում են:
«Իսկ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները դիվանագիտության փոխարեն փորձում են հարաբերությունները լուծել ռազմի դաշտում», - ասել է անցյալ տարվա փետրվարի 24-ին հարևան երկրի վրա հարձակված պետության ներկայացուցիչը:
Իր խոսքում Լավրովն, ինչպես և ենթադրվում էր, «հանցավոր ռեժիմ» է անվանել Ուկրաինայի ղեկավարությանը:
Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին, ասելով, որ կազմը պետք է ընդլայնել, դրանում ընդգրկելով Հարավային Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի երկրները, «քանի որ, Արևմուտքը կառույցում գերակայող դիրք է գրավել և դա թուլացնում է բազմակողմանիության սկզբունքը»:
Իր ելույթի ավարտին Լավրովը խոսել է ռուս լրագրողներին Միացյալ Նահանգների վիզաներ չտրամադրելու մասին, դրա համար դատապարտելով Միացյալ Նահանգների պատկան իշխանություններին: Նրանք պետք է ուղեկցեին Լավրովին և լուսաբանեին նրա այցն ու ելույթները ՄԱԿ-ում:
Լավրովը դահլիճում ներկա լրագրողներին հորդորել է «ազնիվ և արդար լուսաբանել նիստերն ու այդպես լրացնել ռուսաստանցի գործընկերների բացակայությունից առաջացած պարապը»:
Ռուս-ամերիկյան ճգնաժամի այս դրվագին նախորդել է Ռուսաստանում Wall Street Journal հանդեսի լրագրող Էվան Գերշկովիչի լրտեսության մեղադրանքով ձերբակալությունը: Միացյալ Նահանգները և հանդեսը կտրականապես հերքում են մեղադրանքը:
Ուշագրավ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ արևմտյան երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ չնայած Լավրովի հրավերին, նիստին չեն մասնակցել, դահլիճում ներկա են եղել ՄԱԿ-ում այդ երկրների դեսպանները:
Սերգեյ Լավրովի այցի նախօրեին ռուսական կողմը նշել է, որ նախարարը Նյու Յորքում կարող է հանդիպել իր ամերիկացի պաշտոնակից Էնթոնի Բլինքենին, սակայն այս պահի դրությամբ նման պայմանավորվածության մասին տեղեկատվություն դեռ չկա: