Մատչելիության հղումներ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հավակնում է պետնախարարի պաշտոնին


Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հավակնում է պետնախարարի պաշտոնին։ Հենց այդ նպատակով էլ այս օրերին Ստեփանակերտում հանդիպումներ է սկսել։ Ստեղծված իրավիճակից իր ելքերն է ներկայացնում, ասում է՝ մարդիկ եթե հավատան, փողոց դուրս կգան ու կպահանջեն, որ այդ լուծումների հեղինակին լծակներ տան, նշանակեն պաշտոնի։

«Եթե նրանք, ովքեր կհավատան, մոտ ժամանակներս կհայտարարենք՝ երբ է դա, դուրս գան հրապարակ, ցույց տան, որ 1000, 5000, 10 000 մարդ աջակցում է և պարտադրեն իշխանություններին, որ ով առաջարկում է նշանակեն համապատասխան պաշտոնին, որ իրագործի», - նշեց Սամվել Բաբայանը:

Բաբայանը շեշտեց, թե արտահերթ ընտրությունների ու նախագահի պաշտոնը ստանձնելու ձգտումներ չունի։ Ասաց՝ իր առաջարկած ուղղություններով լծակներ ունի պետնախարարը, ուղղություններն էլ հինգն են՝ անվտանգությունից մինչև Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացում։

Արդյոք ճիշտ ժամանակն է պաշտոնի պահանջով մարդկանց փողոց հանել։ Երբ ադրբեջանական օղակն օրեցօր ավելի է սեղմվում Արցախի շուրջ, մարդիկ ավելի քան չորս ամիս ապրում են շրջափակված, սոցիալական ծանր պայմաններում։ Հարցրինք նրան։ Բաբայանի համոզմամբ՝ հենց այդ հարցերն է լուծելու, եթե լծակներ ունենա։

«Հենց Բաբայանը մտնում է մի գործարքի, մի գործի մեջ, փորձում մի բան փոխի, «ինչի՞ եք տենց անում, հանգիստ մնացեք, ոչ մի բան մի փոխեք», դե տարեք կոտորեք էս ժողովրդին, պրծեք էլի», - ասաց նա:

Օրինակ, կարո՞ղ է բանակցել ադրբեջանցիների հետ ու բացել Լաչինի միջանցքը, Բաբայանն արձագանքեց. - «Արցախի ճանապարհը բանակցելով չի, երբ որ պատերազմից հետո շրջանառության Լաչին և Շուշի նոր ճանապարհ պիտի կառուցենք՝ Հայաստանն իր մասը, Ադրբեջանն իր մասը, Արցախն էլ իր մասը պետք է կառուցենք, երկուսը կառուցել են, երրորդը չի կառուցել, կկառուցենք մեր մասը»:

Ադրբեջանական կրակը չի դադարել նույնիսկ շրջափակման ամիսներին։ Գյուղացիներ են եղել նրանց թիրախում, ինչպես նաև սպանվել են ոստիկաններ։ Ճանապարհի կառուցումն այս փուլում ինչպե՞ս է պատկերացնում Անվտանգության խորհրդի, Պաշտպանական բանակի նախկին ղեկավարը:

«Ի՞նչ է Բաքվից գրելու է, որ դուք կարաք ճանապարհ կառուցե՞ք, բա մենք էլ ենք կրակելու, խոչընդոտելու ենք, իրանց ենք կրակելու, մեր կողմը քանի որ խելք չունի, վախում ա քայլ անի որևիցե, չի հասկանում ինչ անի, դրա համար իրանք տենց լկտի են, այ, երբ որ կգա էն անողը, որը կվերցնի իրա վրա պատասխանատվությունը, կտեսնեք, որ տենց կրակելն էլ էդքան.... ախորժակով չի կրակում», - նշեց Բաբայանը:

Ըստ ընդդիմադիր գործչի, Սամվել Բաբայանը ժողովրդին պառակտելու փորձ է անում

Թե քանիսն են աջակցել նրա այս առաջարկներին՝ Բաբայանը դեռ չի հստակեցնում։ Ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը կարծում է, որ Սամվել Բաբայանը ժողովրդին պառակտելու փորձ է անում։ Նրան դուր չեն գալիս նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ակտիվ հանդիպումները Արցախի նախկին ղեկավարների հետ:

«Պառակտման մի մեծ բում է դրվում, Ռուբեն Վարդանյանի ֆոնին էլ Սամվել Բաբայանն է սենց ժողովներ անցկացնում և այլն, այսինքն, երեք տեղ եք սկսել պառակտելը», - ասաց ընդդիմադիր գործիչը:

Տիգրան Պետրոսյանը ակցիաներ էր կազմակերպում իշխանության դեմ, պահանջում համակարգային փոփոխություններ, քննադատում ռուս խաղաղապահներին իրենց պարտականությունները չկատարելու համար։ Հինգ օր առաջ նա նշանակվել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար։ Ասում է՝ գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու իրավունք ունեն, ընդհուպ բանակցություններին կարող է մասնակցել ու կադրային փոփոխությունների հարցում առաջարկություն, կարծիք հայտնել։ «Եթե Սամվել Բաբայանը լուծումներ ունի, թող մեզ հետ հանդիպի», - առաջարկում է Տիգրան Պետրոսյանը։

«Եթե ադեկվատ, տրամաբանական լուծումներ է առաջարկում, կարծում եմ, պետք է պահանջել, որպեսզի էդ լուծումներն ի կատար ածվեն: Էդ լիազորությունները մեզ ունենք, խորհրդով կարող ենք պահանջել, բայց անիմաստ է, մի քիչ անտրամաբանական է, որպեսզի պահանջենք, որ իրան ինչ-որ պաշտոնի նշանակեն», - նշեց Տիգրան Պետրոսյանը:

«Կասկածներ ունենք, որ թե՛ Բաբայանը, թե՛ Պետրոսյանը Հայաստանի իշխանության թևն են Արցախում»

Պետրոսյանի նշանակումն էլ իր հերթին է կրքեր բորբոքել․ խորհրդարանական ընդդիմությանը դուր չի եկել, որ նրան տրվել է Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու, կարծիք հայտնելու լիազորություն։ Այդ պատճառաբանությամբ անվտանգության խորհրդի վերջին նիստին ընդդիմությունը՝ Արդարություն, Դաշնակցություն և Արցախի ժողովրդավարական կուսակցություն խմբակցությունները չեն մասնակցել։

«Կասկածներ ունենք, որ թե՛ Բաբայանը, թե՛ Պետրոսյանը Հայաստանի իշխանության թևն են Արցախում և ակտիվությունն էլ այստեղից է ուղղորդվում», - ասում է Արդարություն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Միգուցե իրենք են վերահսկում այսօր Արայիկ Հարությունյանին հենց Հայաստանի իշխանությունների պահանջով, որովհետև մենք գիտենք Արցախի նախագահի անկայուն պահվածքը երբեմն»:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այս ներքաղաքական խմորումների հետ խորհրդարանական ընդդիմությունը աղերս չունի։ Իրենք էլ իրենց քայլերն ու ծրագրերն ունեն, որ շուտով կհայտարարեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG