Զելենսկին այցելել է երեք երկրների սահմանների հատման կետ
Ուկրաինայում պատերազմի 420-րդ օրը նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Վոլինի շրջան և այցելել հատվածը, որտեղ միանում են Ուկրաինայի, Լեհաստանի ու Բելառուսի սահմանները:
Նախագահը զրուցել է սահմանապահների հետ, հրամանատարները պատմել են պետական սահմանի պաշտպանական կառույցների կահավորանքի, ինժեներական պաշտպանիչ արգելքների, ամրացումների և սահմանային գծով տեղադրված հեռահար տեսահսկման համակարգերի մասին:
Ուկրաինան այդ հատվածում ամրացնում է սահմանը, ենթադրելով, որ թշնամին կարող է ներխուժել Բելառուսի տարածքից:
Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարն այցելել է դիտակետ և երկաստիճան խրամատների կառույց: Զինվորականները նրան նաև ցույց են տվել հակառակորդի անօդաչուների թռիչքները հայտնաբերող համակարգը:
Զելենսկին պետական պարգևներ է շնորհել սահմանապահներին: Նա ասել է, որ իր համար պատիվ է հանդիպել սահմանապահներին:
Նրա խոսքով, Ուկրաինան հպարտանում է պինդ սահմանապահներով: Նախագահը զինծառայողներին կոչ է արել «պահպանել հզորությունը, արդարությունը և կատաղությունը, որով նրանք պաշտպանում են պետությունն» ու հաղթանակ է մաղթել:
«Շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր արդեն մեզ հետ չեն, նրանք ձեզ հետ ուս-ուսի կանգնել և պաշտպանել են մեր հողի ամեն քառակուսի մետրը: Խնդրում եմ լռության րոպեով հարգենք նրանց հիշատակը», - ասել է Զելենսկին:
Երկնքում էլի հայտնվել են իրանական «շահեդներ»
Ապրիլի 19-ը մեկնարկել է «շահեդների» գրոհներով: Իրանական արտադրության անօդաչուները հարվածներ են հասցրել Օդեսայի շրջանի ենթակառուցվածքներին:
«Թշնամին գիշերային հարձակում է կատարել «Շահեդ-136» տեսակի անօդաչուներով: Մեր ՀՕՊ-ը կարողացել է վնասազերծել ԱԹՍ-ների մեծ մասը, բայց, դժբախտաբար, հանրային նշանակության մի ենթակառուցվածք խոցվել է», - առավոտյան հայտարարել է Օդեսայի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Յուրի Կրուկը:
Նրա փոխանցմամբ, 12 անօդաչուներից 10-ը հաջողվել է վայր գցել: Օդեսայում վաղ առավոտյան օդային տագնապ է հայտարարվել, ապա պայթյուններ են հնչել: Նախնական տվյալներով, մարդիկ չեն տուժել:
«Գալիս ու գալիս են, սպանում ենք, էլի են գալիս»
Շաբաթներ շարունակ ռազմական բախումների էպիկենտրոնը Բախմուտն է, որտեղ ռուսները դասակներով առաջ են մղում իրենց զինծառայողներին, մեծավ մասամբ նախկին կալանավորներից կազմված «Վագների» ջոկատները:
«Գալիս ու գալիս են, մենք նրանց սպանում ենք, էլի են գալիս»,- պատմել է ուկրաինական բանակի զինծառայողը:
Նրանք այդ մսաղացում կոտորվում են, ապա նրանց փոխարեն առաջ են ուղարկվում նոր դասակներ, ու այդպես, աննախադեպ կորուստների գնով ռուսները թաղամաս առ թաղամաս գրավում են Բախմուտը, բայց դեռ չեն կարողանում վերջնական հսկողություն սահմանել:
Սեուլը կարող է զենք փոխանցել Կիևին
Արտաքին ասպարեզում զարգացումներ են, որոնք Կրեմլի զայրույթն են հարուցում: Մեկ տարի և երկու ամիս տևող պատերազմում Հարավային Կորեան դատապարտել է ռուսներին, մարդասիրական և տնտեսական աջակցություն է տրամադրել Ուկրաինային, միացել է պատժամիջոցներին, սակայն հիմա կարող է նոր քայլ անել:
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն ասել է, որ եթե Ուկրաինայի խաղաղ բնակչությունը ենթարկվի լայնածավալ գրոհների՝ Սեուլը Կիևին նաև ռազմական օգնություն կտրամադրի:
Դրան անմիջապես արձագանքել է Մոսկվան: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ առանձնապես նոր բան չկա, Սեուլը բավական ոչ բարյացակամ դիրքորոշում ունի «այս կոնֆլիկտի վերաբերյալ»: Նրա համոզմամբ, Արևմուտքը կփորձի նորանոր երկրներ ներքաշել կոնֆլիկտի մեջ:
«Իհարկե, զենքի տրամադրումն Ուկրաինային կնշանակի ընթացող հակամարտության մեջ անուղղակի ներքաշում», - ասել է Պեսկովը:
«Ես նրանց անիծում եմ»
Իսկ ուկրաինացիներն ասում են, թե հնարավոր չէ ներել Մոսկվայի հանցանքները: Պատերազմը դաժան հարված է հասցրել քաղաքացիական բնակչությանը:
Ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, անցյալ տարվա փետրվարի 24-ից մինչև այս տարվա մարտի 19-ն Ուկրաինայում զոհվել է 8 հազար 317 և վիրավորվել է 13 հազար 892 խաղաղ բնակիչ:
«Վիշտը մեր տուն եկավ անցյալ տարվա փետրվարի 24-ին: Ես նրանց [ռուսական բանակը] անիծում եմ, ինչքան ինձ կյանք կմնա, այդքան էլ ամեն օր կանիծեմ»,- Reuters-ին ասել է մի ուկրաինուհի:
Կիևի շրջանում գտնվող նրա բնակավայր Իրպեն ավանը գրեթե ամբողջապես ավերակների է վերածվել ռուսների հարձակումներից հետո: