Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ուկրաինայի մասամբ օկուպացված Խերսոնի և Լուգանսկի շրջաններ։ Չի նշվում , թե կոնկրետ երբ է դա տեղի ունեցել:
Տեսանյութում ցերեկ է, Պուտինը դուրս է գալիս Մի-8 ուղղաթիռից, ապա ջիփերի ավտոշարասյունը մտնում է Խերսոնի շրջանի օկուպացված հատվածի կենտրոն դարձած Գենիչեսկ քաղաք։
ՌԴ նախագահն այցելել է «Դնեպր» զորախմբավորման շտաբ:
Ուկրաինայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այդ կադրերը։
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Պուտինն այցելել է նաև մեկ այլ շտաբ՝ «Վոստոկ», որը պատկանում է Ազգային գվարդիային «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում»։
Հաղորդագրությունում ասվում է, որ ուղևորությունը «նախապես պլանավորված չի եղել»։
Պատերազմի սկզբից ի վեր սա Պուտինի առաջին ուղևորությունն է Խերսոնի և Լուգանսկի շրջաններ։ Մինչ այդ, մարտի 19-ին՝ գիշերը, գաղտնիության պայմաններում նա այցելել էր անցյալ տարվա մայիսին Ռուսաստանի կողմից գրավված Մարիուպոլ։