Մատչելիության հղումներ

Զելենսկին Ավդեևկայում շնորհակալություն է հայտնել զինվորներին «ծառայության ու անձնուրացության համար»


Ուկրաինայի նախագահն այսօր մեկնել է առաջնագիծ, այս անգամ Ավդեևվկա` շնորհակալություն հայտնելու զինվորներին «նրանց ծառայության ու անձնուրացության համար», հաղորդում է պաշտոնական Կիևը:

Սա անցած մեկ ամսվա ընթացքում Զելենսկու արդեն երկրորդ այցն է Դոնբաս, որտեղ կատաղի մարտերը չեն դադարում: Դրանից մի քանի ժամ առաջ Կրեմլը հաղորդել էր, որ Ռուսաստանի նախագահն այցելել է ռուսական բանակի կողմից բռնազավթված Խերսոնի և Լուգանսկի շրջաններ: Հրապարակված կադրերում երևում է ինչպես է նա դուրս է գալիս Մի-8 ուղղաթիռից, ապա շնորհավորում զինծառայողներին Սուրբ Զատիկի առթիվ։

Պուտինի այս խոսքից թերևս կարելի է եզրակացնել, որ այցը եղել է մինչև ապրիլի 16-ը, երբ Ռուսաստանում նշվում էր Հարության տոնը: Սակայն Կրեմլի խոսնակն այսօր հերքել է այդ մասին պնդումները. - «Դա երեկ է եղել։ Ինչ վերաբերում է Զատիկի մասին նախագահի խոսքերին, մեզ մոտ Զատիկը քառասուն օր են նշում։ Նախագահ Պուտինի այս ուղևորությունը երեկ է տեղի ունեցել»։

Սա վերջին ամիսներին Պուտինի նման երկրորդ այցն է օկուպացված շրջաններ, մարտին նա այցելել էր Մարիուպուլ։

«Հենց պատրաստ լինենք, այն ժամանակ կսկսենք հակահարձակումը». Ալեքսեյ Դանիլով

Ու մինչ Կրմելը հայտնում է, թե Պուտինը այցելել է Խերսոնի և Լուգանսկի օկուպացված շրջաններ, Կիևը հայտարարում է, թե այդ շրջանները ազատագրելու համար հակահարձակումը կսկսի պատրաստ լինելուն պես՝ դարձյալ չնշելով հստակ ժամկետը։ Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը շեշտում է, թե այդ որոշումը Կիևը ինքնուրույն է կայացնելու․ - «Հենց պատրաստ լինենք, այն ժամանակ կսկսենք։ Եթե մենք պատրաստ չլինենք, ոչ ոք անպատրաստ չի սկսի։ Սա շատ կարևոր է, քանի որ ոմանք ասում են վաղը, մյուս օրը... բայց նկատի ունեցեք, որ պետք է հարյուր տոկոսով պատրաստ լինենք»։

Դանիլովը պնդում է՝ Կիևը ոչ մեկին չի հարցնի, թե երբ սկսել հակահարձակումը և որ ուղղությամբ՝ միաժամանակ փաստելով, որ ամեն ինչ չէ, որ կախված է Կիևից։ Շատ բան, Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի քարոտուղարի խոսքով, կախված է գործընկերներից. որքան շուտ Կիև հասնի խոստացված սպարազինությունը, այնքան շուտ կսկսվի հակահարձակումը։

Կատաղի մարտերը հատկապես Բախմուտի համար շարունակվում են

Բրիտանական հետախուզության տվյալներով, Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուժերը և «Վագներ» ռազմական խմբավորումը շարունակում են դանդաղ առաջ շարժվել քաղաքում։ Մինչ օրս սակայն Բախմուտը ամբողջությամբ ռուները դեռ չեն վերահսկում։


Արևմուտքը միևնույն ժամանակ հայտարարում է, թե քանի դեռ պատերազմը չի ավարտվել, և ռուսները դուրս չեն եկել Ուկրաինայի օկուպացրած տարածքներից, ռուսական ակտիվները Մեծ յոթնյակի երկրներում շարունակելու են սառեցված մնալ։

«Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները մեր իրավասություններում կմնան անշարժ, քանի դեռ չի լուծվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման հետ կապված հակամարտությունը», - ասվում է G7-ի արտգործնախարարների Ճապոնիայում կայացած հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարությունում։ Ավելին, Մեծ յոթնյակի արտգործնախարարները շեշտում են՝ հակամարտությանցանկացած կարգավորում պետք է ապահովի, որ Ռուսաստանը փոխհատուցում վճարի իր հասցրած վնասի համար։

Ռուսաստանը խստացնում է օրենքները երկրի ներսում

Պետդուման այսօր միանգամից երկրորդ և երրորդ ընթերցմամբ հավանություն տվեց պետական դավաճանության համար ցմահ ազատազրկման դատապարտելու օրենսդրական փոփոխությանը: Բացի դրանից, Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքում կհայտնվի նոր մեղադրանք՝ «միջազգային կազմակերպությունների որոշումների կատարմանը աջացելու համար»: Խոսքն այն կազմակերպությունների մասին է, որոնց Ռուսաստանը չի անդամակցում։ Այս նոր հոդվածով դատապարտվելու դեպքում մեղավորները կարող են դատապարտվել մինչև մեկ միլիոն ռուբլի տուգանքի կամ մինչև հինգ տարվա ազատազրկման:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG