Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի, Սյունիքի սահմաններին լարված սպասողական վիճակ է


17-րդ օրն է ադրբեջանական զորքը մտել է հայկական տարածքներ, մեկ հայ զինծառայող է զոհվել, 6 հոգի երեկ գերեվարվել են Վարդենիսի տարածաշրջանի Կութ գյուղի հատվածում։

«Բանակցությունները գնում ա, բայց ճիշտն ասած դեռ ոչ մի արդյունք չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Նրա տեղեկությամբ, գերեվարված բոլոր զինծառայողները պայմանագրայիններ են։

Կութում, Ավետյանի փոխանցմամբ, այժմ հարաբերական անդորր է․ - «Էսօրվա դրությամբ ոչ մի տենց միջադեպեր չկա։ Գիշերը թեթևակի կրակոցներ էղել ա, հանդարտվել ա»։

Վարչապետի պաշտոնակատարը սահմանային այս իրավիճակի հանգուցալուծման առաջարկ էր ներկայացրել։ Ըստ այդմ՝ հայ և ադրբեջանական ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից դեպի իրենց մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ Ռուսաստանից կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից։

Գեղամասարի համայնքապետը որևէ բանակցության արդեն չի հավատում, որովհետև, ասում է, շաբաթներ շարունակ ադրբեջանցի զինվորները Կութի դաշտերում նստած են, ու նրանց հեռացնող չկա․ - «Ընդհանրապես ամենաճիշտը էն ա, որ թեկուզ ըստ նոյեմբերի 9-ի պայմանավորվածության, որ դիրքում կանգնել են, դրանից հետո պետք ա Ադրբեջանը առաջխաղացում չունենար։ Իսկ եթե արդեն մտել ա Հայաստանի տարածք, ես դրա մեջ շատ մեծ խնդիր եմ տեսնում»։

«Սև լճի տարածքում կայուն լարված վիճակ է», - տեղեկացնում է Գորիսի ավագանու անդամ, վերիշենցի Նարեկ Օրդյանը։ - «Բոլոր կողմերում էլ լարվածություն էղել ա, կայուն լարվածություն»։

Ադրբեջանցիները գերիշխող դիրքերում են նստել, Սև լճի հայակաան հատվածներում, ասում է Օրդյանը, 7 օր առաջ նրանց զինվորները փորձել էին էլի խորանալ, չի ստացել։ «Հետ ենք շպրտել ձեռնամարտով», - ասում է Օրդյանը։

Նա վարչապետի պաշտոնակատարի առաջարկը համարում է անկարողության նշան. – «Ոնց որ անկարող լինենք էս դեպքում։ Բայց մենք անկարող չենք, մեր բանակը հզոր ա։ Ես ասում եմ նորից՝ ժամերի հարց ա, եթե հրաման լինի, դրանց բոլորին կսատկացնենք կամ գերի կվերցնենք։ Ուղղակի, չգիտեմ ինչի, էնպիսի տպավորություն ա, ոնց որ մենք չենք կարող, անկարող ենք․․․ չգիտեմ ինչի»։

Խոզնավար համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանը չի կասկածում, որ Սև լճի տարածքից ադրբեջանցիներին հանելը րոպեների հարց է, բայց հրաման չկա, սպասում են խաղաղ լուծմանը․ - «Մերոնք չեն կարում, Ռուսաստանը թող անի։ Ի՞նչ պտի ըլնի․․․»

խոզնավարի համայնքապետը սահմանի երկայնքով ՝ Սոտքից մինչև Խոզնավար միջնորդների տեղակայման առաջարկը բնական է համարում, դե եթե մենք չենք կարողանում... Ադրբեջանցի զինվորները Իշխանասարից շուրջ 3 կիլոմետր խորացել են դեպի Խոզնավար․ - «Հանգիստ ա։ Ոչ մի բան չի եղել։ Ինչ լինի, ես տոչնի ասում եմ, ես խաբել չեմ սիրում։ Առայժմ խաղաղ է»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հայտարարել է, թե հայկական կողմից կրակել են Նախիջևանի ուղղությամբ, վիրավորվել է մեկ ադրբեջանցի զինծառակող։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հերքում են՝ «սա հերթական բացահայտ սուտն է, Հայաստանի զինված ուժերը կրակ չեն բացել այդ ուղղությամբ»։

Սահմանային ծայրահեղ լարվածության այս օրերին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ է հանդիպել Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։ Ըստ ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության, կողմերը դիտարկել են իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակները և պայմանավորվածություն ձեռք բերել անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։ Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում ևս կրկնել է՝ ադրբեջանական ստորաբաժանումները պետք է անհապաղ լքել Հայաստանի ինքնիշխան տարածքը։

XS
SM
MD
LG