Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ծանուցելով այլ երկրներում քաղաքացիության կամ բնակության իրավունքի մասին՝ ռուսաստանցիներն ի շարս այլոց նշել են նաև Հայաստանը:
«Առավել հաճախ Ռուսաստանի քաղաքացիները հայտնել են Իսրայելում, Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում, Գերմանիայում, Վրաստանում, Միացյալ Նահանգներում, Մոլդովայում, Իսպանիայում, Իտաիայում և Ֆրանսիայում քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն ունենալու մասին», - ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամլո վարչության ներկայացուցիչը:
Անցյալ տարվա ընթացքում ռուսաստանցիներն ընդհանուր հաշվով ներկայացրել են ավելի քան 50 հազար նմանօրինակ ծանուցումներ, որոնցից 31 հազար՝ այլ երկրում քաղաքացիություն ունենալու, և 19 հազարը՝ այլ երկրում օրինական կարգով բնակվելու իրավունքի մասին են:
2023 թվականի հունվարին ռուսաստանցիները Ներքին գործերի նախարարությանը տեղեկացրել են 5 հազար ծանուցագիր, որոնցից 3 հազարն այլ երկրում քաղաքացիություն ստանալու և 2 հազարը՝ բնակվելու իրավունքի մասին են:
Ըստ ռուսական օրենքների, այլ երկրում քաղաքացիություն կամ բնակության իրավունք ստանալու դեպքում քաղաքացին պարտավոր է այդ մասին տեղեկացնել ՆԳՆ-ին:
Պահանջը խախտելու դեպքում իշխանությունները Ռուսաստանի քաղաքացուն կարող են տուգանել մինչև 200 հազար ռուբլով կամ պարտադրել հանրօգուտ աշխատանք՝ մինչև 400 ժամ: