Մատչելիության հղումներ

Այսօրվանից հայկական կաթնամթերքի մուտքը ռուսաստանյան շուկա արգելված է. բեռնատարները Լարսից հետ են գալիս


Այսօրվանից հայկական կաթնամթերքի մուտքը ռուսաստանյան շուկա արգելված է անորոշ ժամկետով։ Արգելքի վերացման շուրջ բանակցությունները, սակայն, շարունակվում են, փոխանցում են Սննդի անվտանգության տեսչությունից՝ առանց այլ մանրամասների։

Լարսից արդեն քանի օր է Ռուսաստան ուղևորվող բեռնատարները հետ են գալիս, մտահոգված է Կաթ արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը. - «Վաղուց հետ են տվել այնտեղից մեքենաները, այսօրվանից փակել է, բայց մինչև այդ արդեն մեքենաները Լարսից վերադարձել են։ Կորուստը այն է, եթե կարագը հետ են տվել, ձեռնարկատերը պիտի հետ բերի՝ տեղում իրականացնելու համար», - «Ազատությանն» ասաց նա։

Ռոսսելխոզնադզորը անցած շաբաթ էր հայտարարել՝ պատճառը ԵԱՏՄ երկրներում արգելված իրանական հումքն է՝ սերուցքը։ Ընդգծել էին՝ բանակցություններն ու ստուգումները բավարար արդյունք չեն տվել։ Կողմերը, սակայն, մինչ օրս չեն մանրամասնում, թե ինչու են բանակցություններն անպտուղ անցել։

«Ինչ-որ տեղ ասում են, թե Իրանից վատ հումք է եկել, դա հասել է Ռուսաստանին և այլն։ Դա սաղ սուտ է, չի կարելի այդպիսի բան ասել, որովհետև եթե այդ հումքը մտնում է Հայաստան, այդ հումքի մի մասը օգտագործում է մեր արտադրությունը որպես թթվասերի մթերք», - ասաց նա։

Ռուսաստանցի մասնագետները մարտին ուսումնասիրել էին հայկական երկու ընկերության կաթնամթերքի որակն ու հայտնաբերել իրանական հումք, որն արգելված է ԵԱՏՄ երկրներում։ Մինչդեռ Հայաստանում շարունակում են հակադարձել՝ պատշաճ վերահսկում են շուկան։ Օրերս Սննդի անվտանգության տեսչության լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն էր «Ազատությանը» փոխանցել՝ խնդիրը բացառապես կապված է Իրանից ներկրվող հումքի հետ, որն անվտանգ է։

«Իրականում սննդամթերքի անվտանգության, մարդու կյանքին, առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել», - ասել էր Հարությունյանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ էր պնդել՝ Հայաստանում կաթնամթերքի արտադրությունն իրականացվում է անհրաժեշտ նորմերին համապատասխան։

«Չեմ կարծում, որ ընկերությունները խախտում են կաթնամթերքի արտադրության ստանդարտները։ Համենայն դեպս, Սննդի անվտանգության տեսչական մարմինը դրան ուշադիր հետևում է», - ասել էր նախարարը։

Ինչու է ռուսական կողմը արգելք սահմանել հայկական արտադրության ողջ կաթնամթերքի վրա, եթե ստուգումներ է արել միայն երկու ընկերություններում, այս հարցին ոչ նախարարը, ոչ էլ տեսչությունը չեն պատասխանում։ Ընդ որում՝ ընկերությունների անունները ևս չեն նշվում։

Տեսչականից պնդում են, թե առաջին անգամն է, որ խախտում հայտնաբերվում է երկու ընկերությունում, բայց արգելվում է հայկական բոլոր տեսակի կաթնամթերքի մատակարարումը։ Նախարար Քերոբյանն անցած շաբաթ նաև ասել էր՝ կապի մեջ են ռուս գործընկերների հետ՝ ընդգծելով՝ այս հարցում քաղաքական ենթատեքստ չկա։

Մինչդեռ ընդդիմադիրները կասկածներ ունեն, որ հենց հայ-ռուսական լարված հարաբերություններն են պատճառ դարձել նման արգելքի։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ է, պնդում է՝ ընդամենը մի քանի օր առաջ է ռուս գործընկերների հետ հանդիպում եղել. - «Կառավարության կողմից որևէ հարց չի եղել, և էկոնոմիկայի նախարարի տեղակալն էլ է մասնակցել, բայց նման որևէ հարցադրում չկար նման խնդրի։ Փաստական տվյալներ չունեմ, բայց այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ ամբողջ մի երկրի ոլորտային արգելումը շատ տարօրինակ է»։

Կաթնամթերքի արգելքի մասին Մոսկվան հայտարարեց, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանում մտադրություն կա միանալ Ռուսաստանի նախագահ Պուտինին ձերբակալելու հրաման տված Միջազգային քրեական դատարանին։ Եթե Հայաստանի Ազգային ժողովը վավերացնի դատարանի կանոնագիրքը, բացասական հետևանքներ կլինեն, անանուն զգուշացրեցին Մոսկվայից։

ԵԱՏՄ շուկան ուսումնասիրող տնտեսագետ Սուրեն Պարսյանը ևս կարծում է՝ այս խնդիրն այսչափ չէր սրվի, եթե կողմերի հարաբերությունները լարված չլինեին։ Տնտեսագետն ընդգծում է՝ իրանական հումքի պատճառով ծագած այս խնդիրը նոր չէ, գրեթե մեկ տարվա պատմություն ունի։

«Կարող էին մեղմ անել, եթե բնականաբար, Հայաստանի կառավարությունը ճիշտ աշխատեր ռուսների հետ, բայց պատճառը, որպես այդպիսին, քաղաքական չէ։ Խնդիրն այն է, որ անընդհատ ռուսական կողմը իրենց բողոքներն ուղարկել է, Հայաստանն անտեսել է։ Հայաստանի կառավարությունն ուղղակի անտեսել է», - նկատեց նա։

Տնտեսագետի խոսքով՝ ռուսական կողմը իրանական հումքի որոշ տեսակներ հանել է իր տվյալների բազայից՝ ստուգելու՝ արդյոք դրանք համապատասխանում են եԱՏՄ չափանիշներին, պարզել են՝ չեն համապատասպանում՝ խնդիները տեխնիկական են, որոնք կարղ են ազդել նաև որակի վրա, ասում է տնտեսագետը։ Եվ հենց այդ արգելված հումքն էլ Հայաստանի արտադրողները ներկրել են, ու հետո դրանով պատրաստված կաթնամթերքը՝ հիմնականում կարագն արտահանել Ռուսաստան։ Այս է պատճառը, որ կարագ ներկրող Հայաստանը 2021-2022-ին դարձել է կարագ արտահանող՝ մեծացնելով ծավաները 5 անգամ, ստանալով ավելի քան 18 միլիոն դոլարի եկամուտ։

«Ռուսական կողմը պարբերաբար զգուշացրել է, որ այստեղ ստուգում եմ, օրինակ, բացում։ Ասել է՝ այստեղ դադարեցված է ներկրում, բայց ստացվել է իրավիճակ, որ Հայաստանն, այնուամենայնիվ, թողել է, նույնիսկ այդ սառեցված ընկերությունների, դադարեցված ընկերությունների հումքը Հայաստանը թողել է, որ մտնի ԵԱՏՄ տարածք», - նշեց նա։

Թե կաթնամթերքի այս արգելքի պատճառով որքան կկազմեն հայկական ընկերությունների կորուստները, առայժմ հայտնի չէ։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած երկու տարիներին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 9.5 հազար տոննա կաթնամթերք։

XS
SM
MD
LG