Մատչելիության հղումներ

Աշխարհում գրանցվում է պարենի գնանկում


Պարենի խանութ, արխիվ, Սկոպյե, Հյուսիսային Մակեդոնիա:
Պարենի խանութ, արխիվ, Սկոպյե, Հյուսիսային Մակեդոնիա:

Աշխարհում 12 ամիս շարունակ գրանցվում է պարենի գների նվազում: Այդ փաստն արձանագրել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը:

Փորձագետների փոխանցմամբ, վերջին շրջանում առաջին անգամ է արձանագվում պարենի գնանկում մեկ ամբողջական տարվա ընթացքում:

Ըստ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության զեկույցի՝ անցած տարվա մարտից մինչև այս տարվա փետրվար պարենի գներն ընդհանուր նվազել են 2,1 տոկոսով՝ այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի կաապակցությամբ մեկ տարի առաջ գնաճը հասել է 20,5 տոկոսի:

Հացահատիկի գնանկումը կազմել է 5,6 տոկոս: Դա առավել նկատելի է ցորենի պարագայում, քանի որ Սև ծովով ուկրաինական արտադրանքը փոխադրելու գործարքի կայացման արդյունքում գինն իջել է 7,1 տոկոսով:

Եգիպտացորենի գինը 4,6 տոկոսով է իջել շնորհիվ Հարավային Ամերիկայում ստացված լավ բերքի: Բրնձի գինն էլ 3,2 տոկոսով է իջել շնորհիվ Հնդկաստանում, Վիետնամում և Թաիլանդում ստացված լավ բերքի:

Բուսական յուղի գինն այս տարվա մարտին իջել է 3 տոկոսով: Այդ ապրանքի գնանկումն էլ ավելի տպավորիչ է անցյալ տարվա մարտի համեմատությամբ՝ 47,7 տոկոս:

Կաթնամթերքի գները մեկ տարվա կտրվածքով իջել են 10,7 տոկոսով, իսկ մսամթերքինը՝ 5,3 տոկոսով:

Ըստ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ գնանկմանը նպաստել են մի շարք հանգամանքներ:

Նախ որոշ չափով նվազել է պահանջարկը: Բացի այդ, համաշխարհային շուկան կարողացել է հարմարվել և վերականգնել աշխատանքը փոխադրումների ոլորտում ի հայտ եկած խոչընդոտների պայմաններում: Իր դերն է կատարել նաև մրցակցությունը, որը ծավալվել է մատակարարող ընկերությունների միջև:

Զեկույցը կազմելիս՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը վերլուծում է համաշխարհային շուկայում պարենային արտադրանքի 23 անվանակարգերում 73 տարբեր մթերքների գների փոփոխությունները: Հաջորդ ցուցիչը կհրապարակվի այս տարվա մայիսի 5-ին:

XS
SM
MD
LG